National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
25.03.2010
ՀՀ ԱԺ պատվո մեդալ` հայ ժողովրդի բարեկամին
1 / 5

Մարտի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Չիլիի Հանրապետության Սենատի անդամ, Չիլիի սոցիալիստական կուսակցության նախկին ղեկավար Ռիկարդո Նունյես Մունյոսին Չիլիի Հանրապետության Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը նախաձեռնելու համար պարգեւատրեց ՀՀ ԱԺ պատվո մեդալով։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԺ նախագահի տեղակալներ Արեւիկ Պետրոսյանը, Սամվել Նիկոյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայ ժողովրդի բարեկամ պարոն Մունյոսին հանձնելով ՀՀ օրենսդիր իշխանության բարձրագույն պարգեւը, նշեց-

«Մեծարգո պարոն Ռիկարդո Նունյես Մունյոս, շատ ուրախ  ենք ի դեմս Ձեզ Հայաստանի օրենսդիր մարմնում հյուրընկալել մի մարդու,  ով իր ներդրումն ունի պատմական արդարությունը վերականգնելու դժվարին գործընթացում: Մինչեւ վերջնական հանգրվանին հասնելը արդարությունը միշտ էլ դժվարին ճանապարհ է անցնում, առավել եւս երբ դա վերաբերում է ժողովրդի ճակատագրին: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը դեռեւս արժանի ու լիարժեք գնահատական չի ստացել միջազգային հանրության կողմից: Չնայած շատ պետություններ ու կառույցներ ճանաչել են այն, սակայն ողբերգության ու հանցագործության մեղավորն ու պատասխանատուն չի ընդունում կատարվածի ճշմարտացիությունը, այսինքն` չի կարողանում ուղիղ նայել ճշմարտության աչքերին, քաջություն չունի ապաշխարել:

Մինչդեռ այն, որ 1915 թվականին Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացվածը ցեղասպանություն էր, այլեւս կասկած չի առաջացնում քաղաքակիրթ աշխարհում: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացում ներառված գործիչները, անկախ ազգությունից, իրենց կեցվածքով ցույց են տալիս, որ կարողանում են քաղաքական կամք դրսեւորել, կարողանում են ժամանակների ու տարածության միջից ճշմարտացի հայացքով գնահատել իրողությունները:

2007 թվականի հունիսի 5-ին Չիլիի Սենատը միաձայն ընդունեց որոշում, որով կոչ է անում երկրի կառավարությանը` զորակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա նկատմամբ իրագործված Հայոց ցեղասպանությունը: Այդ որոշման նախագծի հեղինակը Չիլիի սոցիալիստական կուսակցության անդամ Ռիկարդո Նունյես Մունյոսն է:

Հարգելի պարոն Մունյոս, այն, ինչ արձանագրված է Ձեր նախաձեռնած փաստաթղթում, հայոց ցեղասպանության յուրատեսակ համառոտ ամփոփումն է, իսկ Ձեր կատարած քայլը յուրատեսակ ծանրակշիռ ներդրում է իրականությունը վերհանելու, աշխարհում ցեղասպանությունները կանխելու գործընթացում: Ձեզ նման գործիչներն են, որ կարող են իրենց գործունեությամբ կասեցնել նման վտանգները, պահպանել այն արժեքային համակարգը, որի վրա հիմնվում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, հանդուրժողականությունը: Իսկ մեր տարածաշրջանում, ցավոք, հանդուրժողականության մեծ պակաս կա:

Կարծում եմ, որ շուտով կգա այն ժամանակը, երբ հատկապես ցեղասպանության մեղք ունեցողները կգիտակցեն, որ գործածի համար ապաշխարելը, պատմությանը ճշմարտացի նայելն այն գործոններն են, որոնք ցեղասպանություն իրագործածին հնարավորություն կտան մեղքերը որոշակիորեն թոթափած հավակնել քաղաքակիրթ հանրության անդամ դառնալուն»:

Չիլիի Հանրապետության Սենատի անդամ Ռիկարդո Նունյես Մունյոսը պատասխան խոսքում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ պարգեւի համար, ասաց-

«Ինձ հանձնված մեդալը ես կդնեմ սրտիս մոտ, սա ինձ համար մեծ պատիվ է։ Իմ քաղաքական գործունեության հենց սկզբում ես դատապարտել եմ Օսմանյան կայսրության հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը։

Աշխարհի մարդիկ երբեք չպետք է հանգիստ լինեն, երբեք նրանց խիղճը հանգիստ չպետք է լինի, քանի դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունն ամբողջ աշխարհում։ Դա միայն հայ ժողովրդի վերքը չէ, դա նաեւ իմ վերքն է, դա համայն աշխարհի բարի կամք ունեցողների վերքն է։

Պարոն նախագահ, չպետք է հանգստանալ, պայքարը նման հարցում տարիներ է տեւում։ Միշտ չէ, որ բոլորն են հասկանում, նույնիսկ ժողովրդավարներն ու հումանիստները։ Մարդու իրավունքները պետք է դառնան այն աղբյուրը, որի միջոցով մենք առավել քաղաքակիրթ ապրենք։ Դա դեռեւս չի հաջողվում իրագործել, աշխարհի հումանիստները դեռեւս շատ անելիքներ ունեն։

Եվ դուք՝ հայ ժողովուրդն ունի այն ուժը, այն քաջությունը, ինչը շատ կարեւոր է, եւ ճշմարտությունը ձեր կողմից է։ Պետք է համոզված լինել՝ համայն մարդկությունը կճանաչի մի ժողովրդի ցեղասպանությունը, որը միշտ պայքարել է իր արժանապատվության եւ մարդկային ցեղի առաջընթացի համար։

Կրկին շնորհակալություն պարոն նախագահ, ինձ արժանացրած պատվի համար։ Իմ ողջույնի խոսքն եմ հղում իմ եւ Չիլիի Սենատի անունից։

Կեցցե ժողովրդավարությունը Հայաստանում, կեցցե մարդու իրավունքները ողջ աշխարհում»։ 
  
Պարոն Մունյոսը ՀՀ ԱԺ նախագահին հանձնեց Չիլլի Սենատի հուշամեդալ եւ հուշանվեր։ 
  
Մինչեւ պարգեւի հանձնման արարողությունը՝ Չիլիի Հանրապետության Սենատի անդամ Ռիկարդո Նունյես Մունյոսը ԱԺ այգում ծաղիկներ դրեց 1999թ- հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հուշակոթողին եւ հարգեց նրանց հիշատակը։

Այն հարցին՝ արդյո՞ք Հայոց ցեղասպանության մասին ծանոթացել է պատմության դասագրքերից՝ պարոն Մունյոսը պատասխանեց- 
  
«Երիտասարդության տարիներին ես մի գիրք կարդացի, որն ինձ նվիրել էր հայկական ծագումով մի ընկերուհի։ Գիրքը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրն» էր։ Մինչ այդ ես չգիտեի, որ այդպիսի ժողովուրդ կա, որն այդքան տառապել է թուրքերի կողմից իրականացված ոճրագործության պատճառով։

Կարծում եմ, որ հայ եւ հրեա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանությունը, ինչպես նաեւ լատինաամերիկյան ժողովուրդների դեմ իրականացված ոճիրները երբեք չպետք է կրկնվեն։

Հայ ժողովրդի պայքարն ունի իր սեփական պատմությունը։ Երբեք չպետք է թույլ տալ ժողովուրդների նկատմամբ իրականացնել խտրականություն»։


25.03.2010
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը մարտի 25-ին ընդունեց Եվրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամներ Մայքլ Հեդին, Արվիդաս Վիրգիլիուսին եւ հանձնաժողովի  աշխատանքները համակարգող գործադիր ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am