ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին մասնակցել է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած` ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105- ամյակներին:
ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշել է , որ Հովիկ Աբրահամյանը միակ պետական պաշտոնյան է, ով դեռ 1996 թվականին արժանացել է «Արտավազդ» մրցանակի` թատրոնի նկատմամբ վերաբերմունքի համար:
Իր խոսքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է թատերական աշխարհի գործիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ` մաղթելով մշակութային անսպառ եռանդ ու երկարակեցություն, համերաշխություն, հանդուրժողականություն եւ բարեկեցություն: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր մեր թատերական կյանքում աշխույժ անցուդարձ է` ներկայացումների խաղացանկից մինչեւ փառատոններ: Ազգային ժողովի նախագահի կարծիքով` մարզերի բնակչությանը պետք է ավելի ակտիվ մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին: Այս համատեքստում նա առաջարկել է «Արտավազդ»-ի հաջորդ մրցանակաբաշխությունն անցկացնել մարզում, ավելի կոնկրետ` Արտաշատում, եւ աջակցելու իր պատրաստակամությունը հայտնել: