National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.03.2010
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 6

Մարտի  31-ին   ԱԺ նիստերի դահլիճում  ՀՀ  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության  եւ ներքին  գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  տեղի ունեցան «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ  ազգային անվտանգության խորհրդի, ոստիկանության, դատախազության, առողջապահության նախարարության, պետեկամուտների կոմիտեի, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության  եւ ներքին  գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Նրա գնահատմամբ` խորհրդարանական այս լսումների նպատակն է բնակչությանը զերծ պահել թմրամիջոցների ապօրինի շրջանառության  հանցագործությունից,  այդ արատավոր երեւույթի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված քայլեր նախատեսել, ակտիվացնել իրավապահ մարմինների եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների համագործակցությունը, բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, ձեւավորել հասարակական կարծիք եւ, համապատասխան առաջարկները հաշվի առնելով,  օրենսդրական բարեփոխումներ կատարել չարիքի կանխումն արդյունավետ դարձնելու համար: Ըստ բանախոսի` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը նպաստում է այլ տիպի հանցագործությունների ակտիվացմանը եւ լուրջ սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգության համար: Այն խիստ մտահոգիչ է ոչ միայն  թմրամիջոցները հանրապետություն ներմուծելու, այլեւ Հայաստանի` տարանցիկ երկիր դառնալու առումով, ուստի անհրաժեշտ է իրականացնել հատուկ քաղաքականություն եւ մշակել հստակ գործողությունների ծրագիր: Հանցագործության այս տեսակը ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլեւ քաղաքական եւ միջազգային հարաբերությունների վրա եւ դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է տարբեր երկրների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցությունը:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի տեղեկացմամբ` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը, համագործակցելով ոստիկանության ստորաբաժանումների հետ, 2009 թվականի ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 1238 հանցագործությունների եւ 130 իրավախախտումների դեպքեր, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Առգրավվել են 56 կգ 762 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ` 2008 թվականի 24 կգ 399 գրամի դիմաց:

2009 թվականի օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը հանրապետության տարածքում ՀՀ ոստիկանության մարմինները իրականացրել են  «Կանեփ-կակաչ-2009» համալիր կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն էր հայտնաբերել եւ ոչնչացնել վայրի աճած եւ ապօրինի մշակած կանեփի ու կակաչի կանաչ զանգվածները: Իրականացվել է նաեւ «Կանալ-2009» համալիր միջոցառումը` կանխելու մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներթափանցումը:

Հունան Պողոսյանի հավաստմամբ իրավապահ մարմինները ավելի են ուժեղացրել այս հանցագործության դեմ պայքարը. դրա վկայությունն է նաեւ այն, որ 2010 թվականի երկու ամիսների ընթացքում արդեն հայտնաբերվել եւ առգրավվել են 32 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ: Հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն է միտված  ՀՀ նախագահի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, միջազգային տարբեր կազմակերպությունների հետ Հայաստանի  իրավապահ մարմինների ակտիվ համագործակցությունը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը նշեց, որ ՀՀ դատախազությունը 2009 թվականի ընթացքում որոշակի դրական աշխատանք է կատարել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպման ու հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Նրա տեղեկացմամբ` 2009 թվականի ընթացքում նման հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 779 անձ, իսկ 2008 թվականին` 493 անձ: Նշված 779 անձանցից 25-ը կանայք են, 8-ը` անչափահաս, 30-ը` այլ երկրների քաղաքացիներ: Ա. Թամազյանի գնահատմամբ` խիստ մտահոգիչ է նաեւ քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների աճը. գրանցվել է 142 հանցագործության դեպք, որոնցից 119-ը առնչվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը. քրեական պատասխանատվության են ենթարկվել քրեկատարողական հիմնարկների 6 աշխատակիցներ:

2010 թվականին շարունակվում են միջոցառումները օրինականության պահպանման, հանցագործությունների բացահայտման, քննությունների որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ. այս տարվա երեք ամիսների ընթացքում արդեն 127 քրեական գործ է հարուցվել: Պարոն Թամազյանի կարծիքով` թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի լավագույն միջոցը թմրամիջոցների պահանջարկի նվազեցումն է, ինչը պահանջում է բացատրական լուրջ ու հետեւողական աշխատանք հատկապես անչափահասների շրջանում:

ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական բժշկական կենտրոնի նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը ներկայացրեց թմրամիջոց օգտագործած հիվանդներին ծառայություններ մատուցող 5 բուժհիմնարկների կատարած աշխատանքները, բուժման մեթոդները, բժշկական փորձաքննություն անցած հիվանդների վիճակագրությունը: Նրա գնահատմամբ` անհրաժեշտ է  լուրջ փոփոխություններ կատարել «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում` այն համապատասխանեցնելով եվրոպական օրենսդրությանը:

Ելույթ ունեցան նաեւ ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am