Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Երիտասարդության մասին» եւ «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ:
Ինչպես հայտնեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, քննարկմանը հրավիրվել էին ԱԺ խմբակցությունների, կառավարության, երիտասարդական տարբեր կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց քննարկումը, որը վերաբերում է մեր բնակչության 1/3-ին` երիտասարդությանը առնչվող օրինագծերի, չնայած , Աժ նախագահի խոսքերով` «Երիտասարդության մասին» եւ «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» օրենքների նախագծերը ընդհանուր առմամբ վերաբերում են ողջ հասարակությանը: Նա տեղեկացրեց, որ կառավարությունը հետ է վերցրել«Պետական երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը եւ լրամշակելուց հետո այն կրկին կներկայացնի խորհրդարանին:
Աժ նախագահը նշեց, որ խորհրդարանում միշտ էլ կարեւորվում են երիտասարդության հարցերն ու խնդիրները: « Ես ինքս հաճույքով բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ընդհանրապես երիտասարդների հետ թե Երեւանում , թե մարզերում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ-ում կան երիտասարդ պատգամավորներ, ովքեր բավական ակտիվ մասնակցում են օրենսդիր գործունեությանը: Մտադրություն կա նախաձեռնել նաեւ Երիտասարդական խորհրդարան: Ազգային ժողովի աշխատանքներն ավելի թափանցիկ դարձնելու եւ երիտասարդությանն ավելի մոտեցնելու նպատակով իրականացվում է «Բաց դաս» ծրագիրը, որի շրջանակում տարբեր դպրոցների բարձր դասարանցիներ ծանոթանում են խորհրդարանի աշխատանքներին, մասնակցում նիստերին:
ՀՀ ԱԺ նախագահի դիտարկմամբ` ժամանակակից երիտասարդությունը ձեւավորվում է բազմաթիվ` սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային գործոնների ազդեցության տակ: « Անշուշտ, կայացման գործընթացում գտնվող, ժողովրդավարական չափանիշներին դավանելու ուղին բռնած երկրի համար դժվար է միանգամից լուծել բոլոր խնդիրները, բայց, կարծում եմ, պետության հնարավորություններին ըմբռնումով մոտենալը եւս քաղաքացիական հասարակության դրսեւորումներից է»-, ասաց Հովիկ Աբրահամյանը: Այսօր Հայաստանում իրականացվում են երիտասարդության կայացմանը, նրանց խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մասնավորապես,«Լույս » հիմնադրամի միջոցներով արտերկրի առաջատար բուհերում կրթություն են ստանում բազմաթիվ հայ երիտասարդներ: Արտերկրում կրթություն ստանալու հնարավորություն են տալիս նաեւ տարբեր երկրների հետ կնքված պայմանագրերը: Ընթացքի մեջ է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը: Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում բավական թվով երիտասարդներ են ներգրավված` հանրապետության նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովում ու կառավարությունում, մարզպետարաններում եւ այլն: Երիտասարդները չափազանց ակտիվ են մասնավոր հատվածում եւ գործարար աշխարհում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր երիտասարդության ինքնաարտահայտման համար լայն ասպարեզ կա: Եւ բոլորս համատեղ ամեն ինչ պիտի անենք, որ այդ ասպարեզում երբեք ներկայության պակաս չլինի` արդյունավետ, արժեքավոր ու արժանապատիվ ներկայության պակաս: Իսկ դրա համար ոչ միայն ֆինանսներ են պետք, այլեւ հարգանք, հանդուրժողականություն, համերաշխություն եւ փոխըմբռնում: ԱԺ նախագահի խոսքերով` եթե ֆինանսները պայմանավորված են տնտեսական գործոնով, ապա մնացածը` զուտ մարդկային: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց, որ քննարկմանը մասնակցում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչից օրինագծերը միայն կշահեն:
ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց կրկին հանդիպել երիտասարդության ներկայացուցիչների հետ եւ քննարկել նրանց առաջարկները: Հովիկ Աբրահամյանն առաջարկեց, որ մասնակիցները քննարկեն նաեւ Երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնեց երիտասարդության ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել մասնակցելու խորհրդարանի եւ մշտական հանձնաժողովների նիստերին:
Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման մասնակիցներն իրենց տեսակետները ներկայացրին խնդրո առարկա օրինագծերի եւ երիտասարդական քաղաքականության վերաբերյալ, հանդես եկան առաջարկություններով: