Բազմիցս է փաստվել, որ Առաջին լրատվականի մեջ մեկտեղվող 1in.am կայքն ու «Ժամանակ» օրաթերթը սուտ տեղեկություններ տարածելու գործում ետ չեն մնում միմյանցից, ընդ որում, ոչ միայն կեղծ տեղեկատվության հանդեպ ունեցած մոլուցքով, այլեւ պատվիրատուներին հաճոյանալու եւ ծառայելու հակումով, ընդ որում տերերին ու պատվիրատուներին շատ արագ կարող են փոխել:
Ահավասիկ, «Ստրասբուրգում Հովիկ Աբրահամյանին հիշեցրել են Գրիշա Վիրաբյանի մասին» հրապարակման մեջ Առաջին լրատվականը կրկին հավատարիմ է մնացել սուտ լուր տարածողի իր կոչմանը : Այս անգամ նա հանդես է եկել ստրասբուրգյան հավաստի աղբյուրի դիմակով եւ, դատելով մատուցած տեղեկատվությունից, գաղտնալսող սարքի տեսքով, եվրոպական պաշտոնյաներից թաքուն, ներկա եղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումներին , որպեսզի հերթական ապատեղեկատվությունը տարածի:
Ստիպված ենք հիասթափեցնել ե՛ւ Առաջին լրատվականին, ե՛ւ նրա պատվիրատուներին եւ տեղեկացնել, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստրասբուրգում քննարկել է հարցեր, որոնք որեւէ առնչություն չեն ունեցել Գրիշա Վիրաբյանին :Իսկ Առաջին լրատվականի տարածած հերթական սուտ լուրը նրա շարունակական հեքիաթասացության հետեւանք է եւ չի համապատասխանում իրականությանը: