Հուլիսի 11-ին հայ-ռումինական խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Սամվել Ֆարմանյանը, Արմեն Մխիթարյանը եւ Թեւան Պողոսյանը հանդիպեցին Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Դանիել Բարբուի հետ:
Հայ խորհրդարանականները գոհունակությամբ արձանագրեցին, որ տարբեր ոլորտներում հայ-ռումինական հարաբերություններն ավելի ու ավելի են զարգանում, ինչի արտահայտությունն է նաեւ օրեր առաջ Երեւանում գումարված միջկառավարական հանձնաժողովի նիստը: Նրանք բարձր գնահատեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, կարեւորեցին երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի փոխայցերն ու համատեղ նիստերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը: Բարեկամության խմբի անդամները հավաստիացրին, որ Հայաստանը վճռական է տրամադրված եվրաինտեգրման ու Հայաստան-ԵՄ համագործակցության սերտացման հարցում, ինչը նոր որակ կհաղորդի եւ էլ ավելի կնպաստի ԵՄ անդամ Ռումինիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը:
Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Դանիել Բարբուն բնականոն համարեց Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման ակտիվությունը, քանզի, ըստ նրա, Հայաստանը իր մշակութային ժառանգությամբ ու արժեհամակարգով Եվրոպայի անբաժանելի մասն է: Նա բարձր գնահատեց նաեւ Ռումինիայի հայկական համայնքի դերը երկրի քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքում: Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի Ռումինիայում կազմակերպվելու է հայ մշակույթին նվիրված համաժողով, տարբեր թանգարաններում ու ցուցասրահներում ցուցադրվելու են արվեստի բազմաթիվ գործեր, որոնք կնպաստեն համատեղ մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը եւ էլ ավելի կմերձեցնեն երկու բարեկամ ժողովուրդներին: Նախարարը հայ պատգամավորներին հրավիրեց Ռումինիա՝ մասնակցելու այդ կարեւոր միջոցառումներին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: