Նոյեմբերի 1-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր արտագնա խորհրդարանական լսումներ Ազգային պատկերասրահի «Որմնանկարներ» սրահում: Խորհրդարանական լսումների թեման էր՝ «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման միջոցառումները եւ հիմնախնդիրները»: Լսումներին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ կառավարության եւ ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց հիմնական զեկուցողներին եւ լսումների թեման:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը ներկայացրեց պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությանը նպատակաուղղված միջոցառումները եւ ոլորտում առկա հիմնախնդիրները: Տիկին Սամուելյանը նշեց, որ ՀՀ անկախացումից հետո հողերի օտարումը եւ հողային աշխատանքների կատարումը ՀՀ տարածքում գտնվող քսանչորս հազար հուշարձանների պահպանության համար լուրջ խնդիրներ էին ստեղծել, եւ տարիների ընթացքում մշակույթի նախարարության կողմից մեծ աշխատանք է կատարվել ոլորտի կանոնակարգման ուղղությամբ: Արեւ Սամուելյանը խոսեց ՀՀ կողմից ընդունված հուշարձանների պահպանումն ապահովող միջազգային կոնվենցիաների, հուշարձանների վերանորոգման, ամրակայման մասին: Ըստ զեկուցողի՝ առավել վտանգված հուշարձանների ցանկը հասնում է մոտ երեք հարյուրի: Այս տարի հուշարձանների պահպանմանը եւ վերանորոգմանը հատկացվել է 35 միլիոն դրամ, որով նախատեսված է վերանորոգել 14 հուշարձան: Իսկ որմնանկարների վերանորոգման ծրագրով փրկվել է 10 որմնանկար:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեց պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության եւ վերականգնման բնագավառում տարվող հայ-իտալական ծրագրի մասին, որի շրջանակներում ստեղծվել է հուշարձաններ վերականգնող մասնագետների մագիստրոսական կուրս: Իտալական կողմը նվիրել է գործիքներ, անհրաժեշտ գրականություն, որոնց կարիքը ունեին հայ մասնագետները:
ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը եւ ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրին հուշարձանների պահպանմանն ուղղված միջոցառումները ԼՂՀ-ում: Նշեցին, որ տարիներ շարունակ Արցախի հայկական հուշարձանները պղծվել ու քանդվել են ադրբեջանցիների կողմից: Այսօր այլ են մոտեցումները, եւ լուրջ աշխատանք է տարվում ԼՂՀ տարածքում գտնվող հուշարձանների պահպանման եւ վերականգնման ուղղությամբ:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց իր եւ Դավիթ Հարությունյանի հեղինակած՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ փոփոխություններ կկատարվեն օրենքի մի քանի հոդվածներում եւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀն օրենքը կհամաձայնեցվի 2008 թ. ընդունված եվրոպական կոնվենցիային: Օրինագծի ընդունումը կբացառի հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման հետ կապված կամայական վերաբերմունքը: Ըստ զեկուցողի՝ օրենքի հոդվածների խմբագրումը եւ հստակեցումը կնպաստի հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանմանը: Օրինագծի շուրջ ծավալված քննարկման ընթացքում ոլորտի մասնագետները հայտնեցին բազմազան կարծիքներ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հորդորեց հնչած բոլոր առաջարկները ներկայացնել գրավոր, որոնք հաշվի կառնվեն օրինագծի վերամշակման ընթացքում: