Նոյեմբերի 15-ին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադայի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը հույս հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական կապերը կակտիվանան եւ կզարգանան, քանի որ առկա են բոլոր նպաստավոր պայմանները: Ընդգծելով հայ-ճապոնական ջերմ հարաբերությունները` նա շնորհակալություն հայտնեց ճապոնական կառավարությանը` 1988 թ-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Հարաբերությունների առավել սերտացման համար կարեւորվեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը: Դեսպանը նշեց, որ խնդիրն իր երկրի համար նույնպես կարեւոր նշանակություն ունի եւ դեռեւս քննարկման փուլում է: Կարեւորելով միջխորհրդարանական կապերի խորացումը՝ Տիկահիտո Հարադան նշեց, որ իրենց մոտ վերջերս են կայացել ընտրություններ եւ բարեկամական նոր խումբ է ձեւավորվում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային մի շարք հարցերի: Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը բարձր գնահատեց Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, հայ-ճապոնական տնտեսական, գիտամշակութային կապերի զարգացմանը առնչվող հարցեր: