National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
17.12.2013
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 4

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերը: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի հետ քննարկվել են ապագա համագործակցության ծրագրերը եւ որոշվել է դեկտեմբերի 20-ին գումարել արտահերթ նստաշրջան՝ կապված արագ վավերացման կարիք ունեցող համաձայնագրերի հետ, որոնք ուղղակիորեն առնչվում են Մաքսային միությանը: Քանի որ համաձայնագրերի վերաբերյալ հնչել են մտահոգություններ, ուստի առաջարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ներկայացնելով գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունները, նշեց, որ դեռեւս 2010 թ. երկրորդ կեսին ռուսական կողմը տեղեկացրել էր, որ 2011 թ.-ին գների փոփոխություն է սպասվում: Ըստ նախարարի՝ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում գազի գինը որոշելու քաղաքականության վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրում սահմանված են բոլոր այն հասկացությունները, որոնցով պետք է ձեւավորվի Հայաստան մատակարարվող գազի գինը: Ըստ նախարարի՝ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի համար 30 տոկոս մաքսատուրքը չի գործի: Արմեն Մովսիսյանն ասաց, որ տարիների ընթացքում գների տատանումից առաջացել է 300 մլն դոլարի ճեղքվածք: «Տեւական բանակցությունների արդյունքում որոշվել է, որ այդ գումարի մոտ կեսը իր վրա է վերցնում ռուսական կողմը, իսկ մյուս կեսը պետք է վճարի հայկական կողմը: Այդ գումարները մարելու համար որոշվել է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը վաճառել «Գազպրոմ» ընկերությանը»,- ասաց հիմնական զեկուցողը: Նշվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որը վերաբերում է այդ 20 տոկոսի առքուվաճառքին: Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրով Հայաստան ներմուծվող նավթամթերքը, գազը եւ չմշակված ադամանդները ազատվում են մաքսատուրքից:

Հիմնական զեկուցողը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին քննարկվող համաձայանգրերին:

Լսումների ընթացքում ելույթ ունեցան Աժ պատգամավորները: Նրանք մտահոգություն հայտնեցին գազի որակի, գազի կորստի, գազալցակայանններում գնագոյացման բանաձեւի հաշվարկման եւ հայկական մասնաբաժնի առքուվաճառքի գործընթացի վերաբերյալ, կարեւորեցին ադամանդագործության ոլորտի զարգացումը եւ դրա արդյունքում աշխատատեղերի ստեղծումը:

Եզրափակիչ ելույթում Արմեն Մովսիսյանը պարզաբանումներ տվեց ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ: Նախարարն ասաց, որ մինչեւ 2018 թ.-ը Հայաստանի համար գազի գինը կմնա անփոփոխ:

Ամփոփելով լսումները՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ լսումներին աջակցելու համար: Հանձնաժողովի նախագահը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ժամանակակից աշխարհում երկրների ճնշող մեծամասնությունը որոշակի կախվածություն ունի էներգակիրների ներկրումից: Հետեւաբար, հաշվի առնելով տարածաշրջանային բարդությունները, ռազմավարական շահերը, էներգակիրների անվտանգ, ապահով, անխափան ու երկարաժամկետ մատակարարման անհրաժեշտությունը՝ ներկայացված համաձայնագիրը լավագույնն է: Հանձնաժողովի նախագահը կարեւոր համարեց, որ առաջիկա տարիներին գազի գինը կլինի անփոփոխ, ինչը տնտեսության զարգացման ու ներդրումների լավ երաշխիք է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am