ՀՀ Աժ երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է.
«Հունիսի 12-ին լրացավ ՀՀ ԱԺ երրորդ գումարման Ազգային ժողովիգործունեության մեկ տարին, որի ընթացքում գումարվել են երկու հերթական եւ երեք արտահերթ նստաշրջաններ: Շրջանառության մեջ են դրվել 223 օրինագծեր, որոնցից 120-ի հեղինակները պատգամավորներ են, 103-ինը` կառավարությունը: Ընդունվել են 178 օրենքներ եւ 418 որոշումներ, վավերացվել են 78 պայմանագրեր: Ստեղծվել են ժամանակավոր երեք հանձնաժողովներ, որոնց հաղորդումները արդեն լսվել են, եւ որոնք վարում են արդյունավետ աշխատանք: Ազգային ժողովում քննարկվում են սահմանադրական բարեփոխումները, Ընտրական օրենսգիրքը, դատաիրավական համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումները, որոնց արդյունքում երկրում կստեղծվեն նոր օրենքներ` պաշտպանելու կայուն ժողովրավարություն ու զարգացման հնարավորություն:
Կարծում եմ` այս թվերը, որոնց հետեւում ամենօրյա ու մանրակրկիտ օրենսդրական աշխատանք կա, խոսուն վկայությունն են, որ «խորհրդարանական ճգնաժամ» հասկացությունը հնարովի է եւ վերագրվում է Ազգային ժողովին` բոլորովին այլ խնդիրներ լուծելու համար: Առաջին անգամ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծվեց առավել մեծ թվով ձայներ ստացած քաղաքական ուժերի կոալիցիա, որը եւ ստանձնեց օրենսդիր ու գործադիր իշխանության պատասխանատվությունըեւ առայսօր լիարժեք գործառնում է` ի հեճուկս ժամանակ առ ժամանակ հնչող կազմաքանդման կանխատեսումների:
Քաղաքական դրդապատճառներով` Ազգային ժողովի գարնանային նստաշրջանին մասամբ մասնակցեցին ընդդիմադիր պատգամավորները` շրջանցելով խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, ու շեշտադրելով քաղաքականը: Ազգային ժողովի լիարժեք աշխատանքի ապահովման նպատակով հրավիրված քաղաքական խորհրդակցությունները փոփոխական հաջողություններ գրանցեցին եւ համոզված եմ, որ իբրեւ քաղաքական երկխոսություն չեն սպառել իրենց ու որոշակի ներուժ ունեն` կայացնելու իշխանություն-ընդդիմություն փոխհամաձայնությունը: Համոզված եմ, որովհետեւ գտնում եմ, որ ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատասխանատու են երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակի համար եւ յուրաքանչյուրս պետք է գիտակցի իր պատասխանատվությունը երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու գործում:
Ուզում եմ հավատալ, որ ամառը բավարար ժամանակ է բոլոր քաղաքական ուժերի խորհրդածությունների` մարտավարական ու ռազմավարական ճշգրտումների համար, եւ աշնանը մենք հնարավորություն կունենանք համատեղ լիարժեք աշխատանքի:
Շնորհավորելով մեկ տարվա առթիվ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին` հույս եմ հայտնում, որ բոլոր խմբակցություններն ու խումբը, անկախ պատգամավորները հնարավորինը կանեն մեր ընտրողների հույսերն արդարացնելու համար: