ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար Ռուզաննա Մուրադյանը փետրվարի 4-ին հանդիպել է Հայաստանում ԱՄԷ-ի դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում` տիկին Մուրադյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, որոնց, ըստ զրուցակիցների, կարող է նպաստել նաեւ փոխայցերի ակտիվացումը: Մասնավորապես քննարկվել է երկու երկրների կին պատգամավորների հանդիպման եւ փորձի փոխանակման, գործարարների միջեւ համագործակցության հնարավորությունը, ինչպես նաեւ ԱՄԷ-ի խորհրդարանում բարեկամական խմբի ստեղծումը:
Ռուզաննա Մուրադյանը հավաստիացրել է, որ Հայաստան-ԱՄԷ բարեկամական խումբը պատրաստ է շարունակելու խորհրդարանական համագործակցությունը եւ տարբեր բնագավառներում հետեւելու ԱՄԷ-ի փորձին:
Դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասիմին, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, կարեւորել է երկու երկրների կին խորհրդարանականների հանդիպումը` նշելով, որ իր երկրում կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում զգալիորեն ավելացել է: Նա տեղեկացրել է, որ ԱՄԷ-ի խորհրդարանի ղեկավարը կին է:
Դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում կստեղծվի ԱՄԷ-Հայաստան բարեկամական խումբը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու, փոխայցերն ակտիվացնելու ու համատեղ քննարկումներ անցկացնելու հնարավորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: