Մարտի 16-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ԱԺ-ում հյուրընկալվել էին Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Դպրոցականները նախ հետեւել են նիստի աշխատանքին, որին էլ հաջորդել է բաց դասը:
Դասը վարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով աշակերտներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նման հանդիպումներն ու ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս առավել հստակ ծանոթանալու երիտասարդ սերնդի մտածողությանը եւ նրանց հուզող խնդիրներին: Զրույցի սկզբում Հերմինե Նաղդալյանը դպրոցականներին ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, խոսել օրենսդրական գործունեության մասին: Աշակերտների խնդրանքով հանդիպման ձեւաչափ է ընտրվել հարցուպատասխանը: Հարցերը վերաբերել են կրթական, սոցիալ-տնտեսական ոլորտներին, արտագաղթին, տնտեսական բնագավառում մեր երկրի ստանձնած արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումներին ու դրանից բխող մի շարք օրենքների ներդաշնակեցմանը: Հերմինե Նաղդալյանը հնչեցրած բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխաններ:
Ավարտին ԱԺ փոխնախագահն ավագի իրավունքով դպրոցականներին հորդորել է լավ սովորել, ամեն օր հարստացնել գիտելիքների պաշարն ու ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում է միայն հնարավոր լինել մրցունակ: