ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մարտի 18-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ ղեկավար Թոմաս Շրափելի եւ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդի հետ:
Ողջունելով հյուրերին եւ շնորհավորելով պարոն Շրափելին նշանակման առթիվ՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ հույս հայտնել, որ իր գլխավորած հանձնաժողովի եւ հիմնադրամի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը հետայսու եւս կլինի շարունակական: Պարոն Շրափելն իր հերթին նշել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալու համագործակցության հետագա խորացման գործում եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել հիմնադրամի աջակցությամբ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաեւ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Նա ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, կարեւորում է Եվրոպական միության հետ երկխոսության շարունակականությունը:
Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումների ընթացքը: Նա խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցում արժեւորել է նաեւ Գերմանիայի փորձն ու դրա ուսումնասիրությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թոմաս Շրափելը նշել է, որ առաջին անգամ է մեր երկրում եւ տպավորված է Հայաստանով: Նա ընդգծել է, որ քաջատեղյակ է տարածաշրջանի խնդիրներին եւ հավելել, որ Հայաստանը տարածաշրջանում կայունության ամրապնդման տեսանկյունից կարեւոր երկիր է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ԼՂ հակամարտությանը եւ այլ հարցերի: