ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանին եւ բարեկամական խմբի անդամներին ապրիլի 18-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով ԱԺ հինգերորդ գումարման լիազորությունների ավարտի կապակցությամբ կազմակերպել էր հրաժեշտի ընթրիք:
Պարոն Թիան Էրլունը ջերմորեն ողջունել եւ իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամներին՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը կընդլայնվեն եւ կամրապնդվեն:
Դեսպան Թիան Էրլունն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամները Չինաստանի բարեկամներն են՝ անկախ հաջորդ խորհրդարանում կամ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի կազմում ընդգրկվելու փաստից:
Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ գործող խորհրդարանում ձեւավորված Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի եւ Հայաստանում ՉԺՀ դեսպանության միջեւ համագործակցությունը եւ երկու երկրների փոխհարաբերություններն անցած տարիների ընթացքում արդյունավետ զարգացել են՝ անցնելով համատեղ ձեռքբերումներով հարուստ ճանապարհ:
Մասնավորապես կրթության, մշակույթի, տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում արդեն իսկ կան լուրջ ձեռքբերումներ եւ համագործակցության հեռանկարներ:
Երկուստեք հույս է հայտնվել, որ Հայաստանի եւ Չինաստանի խորհրդարանների միջեւ համագործակցությունը կայուն վերելք կապրի նաեւ հաջորդ գումարման խորհրդարանի օրոք: