National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.4.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.04.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

այսօր՝ քսաներորդ դարի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մենք մտովի ավելի քան մեկ դարով գնում ենք հետ՝ ոգեկոչելու մարդկային բարոյականության եւ առողջ բանականության սահմաններում չտեղավորվող ոճրագործությանը զոհ գնացած մեր նահատակված հայրենակիցներին: Մենք մտովի միանում ենք նրանց՝ միասին պայքարելու այսօր էլ տարբեր երկրներում շարունակվող պետական ահաբեկչության, մարդկային կյանքերի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների ու բռնությունների դեմ, որովհետեւ ոչ ոք, քան նրանք՝ Հայոց ցեղասպանության զոհերը, ավելի լավ չգիտի, թե ինչ է պետականորեն քարոզվող ազգային խտրականությունը, թշնամանքի քաղաքականությունը, ինչ են կենազրկումը, հայրենազրկումը եւ ունեզրկումը: Ավելի քան 100 տարի առաջ նրանք իրենք էլ չգիտեին այդ մասին, որովհետեւ թվում էր, թե մարդկությունը զարգանում է առաջընթաց քաղաքակրթության ճանապարհով: Իրականում հենց այդպես էլ կար, միայն թե ոչ տարբեր ազգերի ու ժողովուրդների հայրենիքների բռնազավթման հետեւանքով առաջացած թուրքական պետության մեջ, որտեղ քաղաքակրթությունն այսօր էլ շարունակում է մնալ այլատյացության ու անհանդուրժողականության, մարդկային առաջադեմ արժեքների ուրացման ու ոտնահարման մակարդակում:

Հարյուրամյակի հեռավորությունից քաղաքակիրթ մարդկությանն առավել քան հասկանալի է, որ այդ ամենը հանգեցնում է մարդկության դեմ մեծագույն հանցագործության՝ ցեղասպանության: Հասկանալի է, սակայն դեռեւս բավարար չեն կանխարգելիչ ու պատժիչ գործողությունները ցեղասպանների դեմ՝ անկախ հանցագործության վաղեմության ժամկետից:

Հարյուրամյակի հեռավորությունից Հայոց ցեղասպանության զոհերը քաղաքակիրթ մարդկությանը պատգամ են հղել՝ իրականացված Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումն անարդյունք են առանց հնարավոր ցեղասպանությունների կանխման գործնական քայլերի: Բարոյականության դատն առոչինչ է առանց իրավական դատի, որն իրականություն դարձնելը ժամանակակից մարդկության պարտքն է թե Հայոց ցեղասպանության եւ թե նրանից հետո աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերի հանդեպ:

Սիրելի հայրենակիցներ,

մենք ապացուցել ենք, որ անհնար է նենգափոխել պատմությունը կամ սակարկել դրա շուրջ: Որեւէ պետության, առավել եւս ցեղասպան պետության ղեկավար, անկախ բռնակալի իր հավակնություններից, որեւէ պետություն, անկախ սահմանադրորեն ամրապնդվող իր բռնատիրական կարգերից, չի կարող այնքան զորեղ լինել, որ պարտակի կամ կեղծի փաստերը, որոնք ոչ թե տարեցտարի, այլ օրեցօր են ավելի ակնհայտ ու անհանդուրժող դառնում: Մենք իրական ու ճշմարտացի պատմության, արդար դատի եւ արդարների հիշատակի պաշտպանն ենք, ցեղասպանություն իրողության ու երեւույթի մոռացումը բացառողը, ինչպես մեր սահմանը պաշտպանող զինվորն է այլեւս բացառում հայի ցեղասպանումն ու հայրենազրկումը:

Սիրելի հայրենակիցներ,

արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելուց զատ՝ ապրողներս մի լուռ խոստում ունենք տված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայրենազրկումը փոխհատուցել հզոր ու միասնական հայրենիքի վերստեղծմամբ, կենազրկումը՝ ազգովի բազմապատկվելով, ունեզրկումը՝ բարգավաճմամբ եւ հզորանալով: Ցեղասպանության դժոխքը վերապրածները եւ ցեղասպանության զոհերի հիշատակները հորդորում են ու պարտավորեցնում մեզ՝ ոգեկոչել ու հիշել ուժեղանալով, երբեք չկորցնել ոչ միայն հույսն ու ոգին, այլեւ ամենածանր պահին անգամ հավատարիմ մնալ ինքներս մեզ, մեր արժեքներին եւ, որ ամենակարեւորն է, հայրենիքին»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am