Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Երեւանի Պեյո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը:
Դպրոցն ամեն տարի նշում է մշակույթի տոն եւ ձեւավորված ավանդույթի համաձայն՝ դասասենյակներից մեկը կոչում հայ ժողովրդի որեւէ երախտավորի անունով՝ հայ կամ օտարերկրացի:
Այս տարի դպրոցում բացվել է նորվեգացի բեւեռախույզ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անվան աշխարհագրության դասասենյակը, որտեղ ցուցադրված են մեծ մարդասերի լուսանկարները, ճամփորդական գրառումներից հատվածներ եւ ասույթներ:
Գալուստ Սահակյանը նախասրահում ունկնդրել է դպրոցի երգչախմբին, տնօրենի ուղեկցությամբ շրջել անվանակոչված դասասենյակներում, Պեյո Յավորովի թանգարանում, ապա մասնակցել Նանսենի անվան դասասենյակի բացմանը:
Այնուհետեւ ԱԺ նախագահը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են մեծ մարդասերի կենսագրությունից եւ գործունեությունից հատվածներ, որոնք առնչվել են հայ ժողովրդի ճակատագրին, Հայ դատի արդարացի լուծմանը: