ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ արտահերթ նիստում քննարկել է երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվեն դեկտեմբերի 12-ին գումարված եւ շարունակվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային հաշվառման ընթացակարգերի հստակեցմանը եւ պարզեցմանը: Նշվել է, որ նախագծի անհրաժեշտությունը բխում է ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գործող խմբային համակարգի կատարելագործման եւ 2017 թվականի համար նույնպես հարկ վճարողներին գծային մեթոդով հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնարավորություն սահմանելու անհրաժեշտությունից:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Այն հանձնաժողովականներին է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել կորպորատիվ կառավարման միջազգային պրակտիկայում ընդունված առավել արդիական սկզբունքներին: Նշվել է, որ նախագծի ընդունման դեպքում հնարավոր է բարելավել «Գործարարությամբ զբաղվելը» Համաշխարհային բանկի զեկույցում ՀՀ դիրքը:
Նույն օրը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվեն դեկտեմբերի 12-ին գումարված եւ շարունակվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ հանձնաժողովի անդամ Արմենուհի Կյուրեղյանը ներկայացրել է առաջարկություն, որն ընդունվել է ՀՀ կառավարության ներկայացուցչի կողմից:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթներն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: