National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.12.2017
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
1 / 7

Դեկտեմբերի 19-ին ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գրության համաձայն՝ արտահերթ նիստի օրակարգի նախագծից հանվել են մի շարք նախագծեր:

Արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կանցկացվի չորս նիստ՝ մեկուկես ժամ տեւողությամբ:

ՀՀ ԱԺ ընդունած որոշման համաձայն` ԱԺ արտահերթ նիստում ութ իրավական ակտ կքննարկվի հատուկ ընթացակարգով. առաջին ընթերցումից հետո դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կանցկացվի 24 ժամ հետո՝ յուրաքանչյուրի քննարկմանը հատկացնելով երեքական ժամ:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից օրինագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ նախագծերի առկայությունը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններով, որի 27-րդ հոդվածում ամրագրված է անձնական ազատության իրավունքը: Այնուհետ փոխնախարարն անդրադարձել է անձնական ազատությունից զրկվելու դեպքերին ու օրենքով սահմանված կարգին, անձի՝ ազատությունից զրկվելու պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով տեղեկացվելու, դատարանի որոշմամբ անազատության մեջ պահելու մասին հոդվածներին: Փոխնախարարը կարեւորել է այս նախագծով անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն տալը:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ Վարչական դատավարության օրենսգրքերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն անհրաժեշտ է համարել այս փաթեթի ընդունումը անձի իրավունքների եւ անձեռնմխելիության տեսանկյունից՝ փաստելով, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ կատարելով որոշ վերապահումներ: Պարոն Մախմուդյանը պատգամավորներին կոչ է արել կողմ քվեարկել օրինագծերի փաթեթին:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը զարմանալի է համարել ձերբակալությունների մասին վկայող վիճակագրության բացակայությունը: Նա նշել է, որ պիտի տեղայնացնել այս ոլորտում առկա միջազգային փորձը, քանի որ խոսքը վերաբերում է մարդկային ճակատագրերին:

Պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշել է, որ Հայաստանում լավ չէ անձի ազատության իրավունքի վիճակը. վերջին տարիներին ՄԻԵԴ-ի շատ վճիռներ այդ մասով են կայացվում: Նա անդրադարձել է անձի կողմից ձերբակալության եւ կալանքի օրինականությունը վիճարկելու հարցին:

Պատգամավոր Գեւորգ Կոստանյանը նշել է, որ յուրաքանչյուր անձ պետք է կարողանա վիճարկել իր ձերբակալումը: Նա անհրաժեշտ է համարել այս օրինագծի ընդունումը՝ նշելով սակայն, որ վիճելի է ձերբակալության վիճարկման ժամկետների խնդիրը: Գեւորգ Կոստանյանը հավելել է, որ ցանկացած անձ, ով ապօրինի է ձերբակալվել, պիտի ունենա փոխհատուցում ստանալու իրավունք:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից նախագծերի փաթեթը:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նախատեսվում է զարգացնել դատական գործընթացներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգը՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան իրավական կառուցակարգեր նախատեսելու միջոցով: Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել դյուրին եւ արդյունավետ դարձնել գործին մասնակցող անձանց կողմից փաստաթղթերի` դատարան ներկայացման գործընթացը, դատարաններում կրճատել թղթային փաստաթղթաշրջանառությունը, զարգացնել դատական գործընթացներում, կատարողական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգը՝ խուսափելով ժամանակի եւ միջոցների անտեղի վատնումից:

Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ նախագծերի փաթեթը քննարկվել է հանձնաժողովում՝ արձանագրելով, որ եթե տեխնիկական հագեցվածությունը լիներ ավելի շուտ, շուտ կլիներ նաեւ օրենսդրական լուծումը, քանի որ այս նախագծով քաղաքացիներն ազատվում են ժամանակատար եւ ծախսատար մի շարք գործընթացներից:

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Կառավարությունն առաջարկում է նվազեցնել դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի նվազեցման սահմանաչափը` դարձնելով մինչեւ տասը տոկոս` բացառությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: Հանվել է սահմանաչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը: Երեւան քաղաքում գործելու է մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով, մինչեւ երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ եւ այլն: Նախագծերի ընդունման արդյունքում կներդրվի դատավորների միջեւ դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման եւ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ որոշակի գումարային շեմը չգերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում` առանց անհարկի ձգձգումների, ապահովող գործիքակազմ:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ փաթեթն իրավիճակային լուծում է առաջարկում՝ ապահովելով անձանց դատական պաշտպանության արդյունավետ իրականացում, դատավորների միջեւ գործերի հավասար բաշխման ապահովում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն արտահերթ ելույթում կարծիք է հայտնել, որ եթե դատավորների քանակն ավելացնելու արդյունքում ակնհայտ է դառնում տնտեսական աշխուժությունն ու արդարության վերականգնումը, ապա անպայման պետք է ավելացնել նրանց թիվը: Նա առաջարկել է կտրուկ լուծումներ տալ ոլորտի խնդիրներին, այլ ոչ թե փոքր քայլերով առաջ գնալ:

Տիգրան Ուրիխանյանը կարեւորել է դատարանի արագ, համապատասխան ժամկետում իրականացվող ու արդյունավետ աշխատանքը, ինչպես նաեւ դատավորների աշխատանքային գործունեության օպտիմալացումը: Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ Երեւան քաղաքում տարածքային ընդդատության հարցը վերանում է եւ համակարգին համամասնությամբ բաժանելու հնարավորություն է տրվում: Գեւորգ Պետրոսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին գերլիազորություններ վերապահելու վերաբերյալ: Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ անվիճելի է, որ դատարանի շենքային պայմանների մատչելիությունից է կախված նաեւ արդար դատական քննության իրավունքի ապահովումը: Սերգեյ Բագրատյանը խոսել է դատական համակարգում կոռուպցիոն դրսեւորումների մասին՝ ընդգծելով, որ Երեւան քաղաքում մեկ ընդհանուր իրավասության դատարանի ստեղծումը չի կարող կարգավորել առկա խնդիրները:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Նաիրա Զոհրաբյանը: Նա իր մտավախությունն է հայտնել առ այն, թե արդյո՞ք այս բարեփոխումներն ապահովելու են դատարանների ու դատավորների արդարությունն ու անկախությունը: Ըստ նրա՝ հակառակ պարագայում կշարունակենք ունենալ երկու իրականություն՝ վիրտուալ եւ իրական:

Արթուր Հովհաննիսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին ու մտահոգություններին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել նաեւ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը , որով տեսչական մարմիններ կարող են ստեղծվել մինչեւ հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ տեսչական մարմինների ձեւավորման հիմքում պետք է դրվի միջգերատեսչությունների ողջ շղթան, հաշվի առնվեն բոլոր օղակների խնդիրները:

«ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել կպաշտպանվեն երեխաների, մասնավորապես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն որդեգրման գործընթացները, կհստակեցվի խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվի պետության կողմից մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող եւ դաստիարակվող երեխայի հարցում, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները եւ դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի եւ խնամատար ընտանիքի ընտրության եւ խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձեւակերպումները:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը քննարկման է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը: Նախագծով նախատեսվում է իջեցնել հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը՝ սահմանելով հանրապետական սփռման համար տարեկան բազային տուրքի 20000-ապատիկի փոխարեն 1000-ապատիկի չափով, մայրաքաղաքային սփռման համար տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի փոխարեն 500-ապատիկի չափով, տարածքային սփռման համար տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի փոխարեն 100-ապատիկի չափով: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանում եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաըկերությունների համար` հաշվի առնելով դրանց դերը եւ կարեւորությունը տեղեկատվական, կրթական, մշակութային ու ժամանցային հաղորդումների ստեղծման եւ հեռարձակման գործում:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Սաղաթելյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով՝ այսօր իշխանությունն իր խոստմանը հավատարիմ իջեցնում է հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Պատգամավորը հույս է հայտնել, որ հեռուստաընկերությունները ՀՀ պետական բյուջե վճարվող գումարների իջեցման արդյունքում ավելի շատ միջոցներ կհատկացնեն հեռուստահաղորդումների պատրաստման համար, ինչի արդյունքում հնարավոր կլինի ավելի որակյալ հաղորդումներ պատրաստել:

Միքայել Մելքումյանն արտահերթ ելույթում անդրադարձել է մետրային եւ դեցիմետրային հաճախականությունների համար վճարվող տուրքերին, հետաքրքրվել գործող հեռուստաընկերությունների շահութաբերությամբ եւ մրցակցությամբ:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ու «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից օրինագծերի փաթեթները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Առաջարկվում է սահմանել անասնաբուժության բնագավառում համայնքի ղեկավարի կամ քաղաքապետի սեփական կամ պարտադիր լիազորությունները: Արդյունքում՝ համայնքի ղեկավարն ստանձնում է իր աշխատակազմում հաստիքային անասնաբույժների միջոցով համայնքի տարածքում անասնագլխաքանակի անասնաբուժական սպասարկման լիազորություն, բացի պետական անասնահամաճարակային միջոցառումների իրականացումը եւ դրա համար պետական բյուջեից վարձատրությունը կարողանում է մատուցել վճարովի անասնաբուժական ծառայություն՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման եւ վերացման միջոցառումների եւ զանգվածային բնույթի այլ աշխատանքների իրականացում: Առաջարկվում է համայնքի վարչական տարածքում համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար տեղական վճարի եւ ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման գումարի չափով, սահմանում: Արդյունքում՝ համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց համայնքի ավագանին իրավասու կլինի իր որոշմամբ սահմանել մատուցվող ծառայությունների դրույքաչափերը՝ ըստ ծառայության տեսակների եւ դրա միջոցով ոչ միայն անասնաբույժին վճարել մրցունակ վարձատրություն, այլեւ խրախուսել նրա աշխատանքը եւ համալրել նաեւ համայնքի բյուջեն:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, բարձրաձայնել է համայնքներում առկա խնդիրները՝ նշելով, որ առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ են եւ կարեւոր:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին:


19.12.2017
Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը: Եվրոպացի գործընկերներին ՀՀ Ազգային ժողովում ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթը՝ այստեղ: ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է նիստի օրակարգը եւ քննարկվող...

19.12.2017
ՀՀ ԱԺ խմբակցությունների անդամները հանդիպել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ «Ծառուկյան» եւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունների անդամները հանդիպել են Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի եւ պատվիրակության անդամների հետ: Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սա...

19.12.2017
Արա Բաբլոյանի ելույթը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ
Հարգելի համանախագահներ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ ձեզ Երեւանում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն կունենանք քննարկելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Եվրոպական խ...

19.12.2017
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ աշխատանքային այց է իրականացրել «65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերություն: Այցն իրականացվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի կատարման ընթացքը» խորհրդարանակա...

19.12.2017
«Առաջարկում եմ 2018 թվ. Գերմանիայում եւ ԵՄ այլ երկրներում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմասի Շրափելին եւ նրանց ուղեկցող անձանց: Ողջու...

19.12.2017
Տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը, որի աշխատանքները կշարունակվեն նաեւ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ին: Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:45-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԵՄ-Հայաստան ԽՀՀ համան...

19.12.2017
Դեկտեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am