National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.7.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
07.07.2021
Օրենսդիր այգի
1 / 6

Ազգային ժողովի ընդհանուր տարածքը 6,7 հեկտար է, դրա կեսից ավելին` 4 հեկտարը, զբաղեցնում է խորհրդարանի այգին, որի հատուկ խնամքն ապահովում են 10 այգեպանները: Աշխատանքի բաժանում չկա, բոլորը հավասար են, բոլորը գիտեն յուրաքանչյուր ծառի ու բույսի մասին ամեն ինչ: 
  
Կենտրոնական հատվածում` ցայտաղբյուրի մոտ, լացող ուռենին է: Վազգեն պապիկը, որն այգում աշխատում է 1975 թվականից, պատմում է, որ երբ աշխատանքի ընդունվեց, բոլոր ծառերը երիտասարդ էին, հետո իր հետ միասին հասակ են առել: Իսկ ցայտաղբյուրը վերջին տարիներին է տեղադրվել` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

Ծառատեսակների շարքում իր յուրահատուկ տեղն ունի Հայաստանի Կարմիր գրքում գրանցված մանուշակագույն հուդայածառը: Չնայած ծառի անսովոր անվանմանն ու դրամատիկ պատմությանը, այն արտասովոր է իր գեղեցկությամբ: Հուդայածառը ծաղկում է մարտի վերջին` ավետելով բնության զարթոնքը: 
  
ԱԺ այգում են բարձր ու սլացիկ սեկվոյաներն ու մետաքսե ակացիաները, որի տարածած բույրը զգացվում է ամենուր: Ճեմուղու վերջում Ճապոնիան խորհրդանշող սակուրաներն են: Նրանք ծնվել են ծագող արեւի երկրում, հետո, հազարավոր կիլոմետրեր կտրել-անցնելով, հասել են Հայաստան, ընտելացել հայկական կլիմային ու արմատներ գցել հայկական հողում:

Ճապոնիայի դեսպանատան աշխատակիցները, ի դեպ, ամեն տարի ծաղկման օրերին այցելում են սակուրաներին ու խնամում. ազգային արժեքների նկատմամբ նախանձելի հոգատարություն: Թեպետ ճապոնական ծառերն արդեն իրենց առանձնապես միայնակ չեն զգում, ծանոթացել են ռուսական արմատներով կեչիների հետ ու սկսվել է ռուս-ճապոնական ջերմ բարեկամությունը հայկական հողի վրա:

 

Նրանց ընկերությանը հետեւում են 70-ամյա հսկայական բարդիները, այգու ամենահին ծառերը, որոնք իրենց համարում են ԱԺ այգու հիմնադիրն ու տերը: Իսկ ձմռանը, երբ ծառերը մերկանում են ու կորցնում գրավչությունը, այգու գեղեցկությունն ապահովվում են ձյան փաթիլներով զարդարված, տարվա բոլոր եղանակներին կանաչ ու թավշյա եղեւնիները: Նրանցից ոմանք այնքան բարձրահասակ են, որ մրցակցում են այգու տերերի հետ: 
  
Կանաչապատման աշխատանքների ղեկավար Վահան Բաբալարյանն ասում է, որ կարեւորը ժամանակին ծառերն էտելն ու բները սպիտակեցնելն է, որն արվում է ոչ միայն վնասատուներից, այլեւ կեղեւն արեւահարությունից պաշտպանելու համար: 
  
Ազգային ժողովի այգում կան նաեւ մրգատու ծառեր: Ծիրանենիները, խնձորենիները, տանձենիներն ու հաստաբուն ընկուզենիները: Բերքն այգեպաններն են հավաքում ու կազմակերպում անակնկալ հյուրասիրություն այգու հյուրերի համար: Իսկ ահա ընկուզենու բերքից առանց որեւիցե հրավերի սպասելու օգտվում են այգում անկաշկանդ բնակվող սկյուռիկները: Նրանց չեն կարողանում վախեցնել անգամ այգու մյուս մշտաբնակները` կատուները:

Տարիներ առաջ խորհրդարանի այգում եղել են նաեւ խաղողի տնկիներ, որոնց տակ, ինչպես աշխատողներն են պատմում, դրված են եղել աթոռներ, որտեղ էլ հաճախ հավաքվել են քննարկելու անցնող օրվա լավ ու վատ կողմերը: 
  
Երեւանի ամենագեղեցիկ այգիներից մեկի տեսքն ամբողջացնում են արեւադարձային բուսատեսակները, որոնք ամբողջ ձմեռ ջերմոցում խնամքով պահպանվելուց հետո, գարնանը վերադառնում են իրենց դիրքերը: Չկտրվելով մերձարեւադարձային բույսերի խնամքից` այգեգործ Սիմա Աբգարյանն ասում է, որ դրանք ջերմոցից այգի տեղափոխելու ճիշտ ժամանակն է: Ապա, մաքրելով ագավայի տերեւները, ընդգծում` ծաղիկները հատուկ հոգատարության կարիք են զգում:

Չնայած իր տասնամյակների պատմությանն ու խոր արմատներին` այգին մշտապես փոփոխվելու ու է'լ ավելի կանաչելու անդադար ընթացքի մեջ է: Տնկվող նոր ծառերը շատ արագ են արմատներ գցում` դառնալով մեծ ընտանիքի անդամ:

Սկզբնաղբյուրը` այստեղ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am