Հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում խորհրդարանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Մալթայի Հանրապետության Կառավարության միջեւ` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
Փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Նյու Յորքում: Այն մշակվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ երկրների համար կիրառվող մոդելային տարբերակի սկզբունքների համաձայն:
Նպատակն է բացառել եկամուտների կրկնակի հարկումն ու դրանով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը երկու երկրների ներդրողների եւ տնտեսական գործունեության վրա: Փաստաթղթով առաջարկվում է գործընկեր երկրի անհատների եւ տնտեսավարող սուբյեկտների համար նախատեսել ազգային օրենսդրությամբ սահմանված հարկման պայմաններից ավելի նպաստավոր պայմաններ եւ ավելի նվազ դրույքաչափեր:
«Համաձայնագրով առաջարկվում է ներդնել մշտական հաստատության գաղափարը: Սա նշանակում է, որ եթե Մալթայի ռեզիդենտը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Հայաստանում առանց մշտական հաստատություն ձեւավորելու, ապա գործունեությունից ստացված եկամուտները հարկման ենթակա կլինեն միայն Մալթայում, իսկ հակառակ պարագայում եկամուտները կհարկվեն միայն Հայաստանում», -ընդգծել է փոխնախարարը:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել: