Մարտի 15-ին խորհրդարանում տեղի է ունեցել ««Զանգվածային լրատվության մասին» օրենքի բարեփոխումներ. օրենսդիր, գործադիր եւ քաղաքացիական հասարակություն» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից, գործադիրից եւ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ողջունել է գործադիր, օրենսդիր եւ քաղհասարակություն ձեւաչափով համագործակցությունը՝ գնահատելով քաղհասարակության կատարած հետազոտություններն ու աշխատանքները բարեփոխումների ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ իշխանությունը որեւէ կերպ չի ցանկանում միջամտել քաղաքացիական հասարակության գործընկերների կողմից տարիներով պահպանած արժեքներին:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մտահոգիչ է տեղեկատվական ոլորտում ստեղծված իրավիճակը: Ուստի եւ առաջարկվել է մշակել ոլորտի բարեփոխումների հայեցակարգ:
Հայեցակարգի մշակման գործընթացը սկզբնական փուլում է, ընդգծվել են հիմնական ուղղությունները: Օրենսդիրի եւ գործադիրի համագործակցությամբ նախատեսվում են համատեղ քննարկումներ. հաշվի է առնվելու լրատվամիջոցների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների գնահատականը: