ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության («Հետազոտական եւ վերապատրաստման» կենտրոնի) աշխատակիցները մասնակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպված հինգ թեմատիկ դասընթացներին:
Մարտի 15-ին տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողությունը՝ նշանավորելու այս դասընթացների հաջող ավարտը եւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի Փորձագիտական եւ վերլուծական վարչության («Հետազոտական եւ վերապատրաստման» կենտրոնի) աջակցության նախնական փուլը:
Շնորհավորելով մասնակիցներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ծրագրի շարունակական իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ նախագահի գրասենյակի կողմից ծրագրի պատասխանատու Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ սա ԱԺ-ի կարողությունների մեծացմանն ու զարգացմանն ուղղված մեծ ծրագրի մի բաղադրիչն է, որն իրականացվում է Շվեդիայի կառավարության «Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության (SIDA)» եւ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» (GGF) աջակցության շնորհիվ: Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով՝ ծրագիրն ունի նաեւ այլ բաղադրիչներ, որոնց նպատակն է ԱԺ-ն ավելի հասանելի եւ բաց դարձնել մեր քաղաքացիների համար: Այն ուղղված է ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի կարողությունների զարգացմանը:
Հայաստանում ՄԱԶԾ Կառավարման ծրագրերի ղեկավար Վահան Ասատրյանը կարեւորել է Փորձագիտական եւ վերլուծական վարչության («Հետազոտական եւ վերապատրաստման» կենտրոնի) հետ աշխատանքը եւ հույս հայտնել, որ ծրագիրը տարիների ընթացքում կընդլայնվի ու կբարելավի ԱԺ կարողությունները: