«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումով առաջարկվում է հաստատված հատկացումների ընդհանուր գումարի հինգ տոկոսի սահմաններում վերաբաշխել հաստատված հատկացումների գումարները. երեք տոկոսի փոխարեն կսահմանվի հատկացումների ընդհանուր գումարի հինգ տոկոս:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի՝ վերաբաշխումների սահմանաչափի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. պետական բյուջեի շրջանակում կատարված, ինչպես նաեւ նախատեսվող վերաբաշխումների իրականացմամբ:
Նշվել է, որ ՀՀ 2022 թ. պետական բյուջեով այս տարվա ընթացքում կատարվել են շուրջ 140 մլրդ դրամ վերաբաշխումներ. դրանց բացառությունները կազմել են ավելի քան 77 մլրդ դրամ, որից Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումները՝ 66 մլրդ դրամ, համավարակի եւ ռազմական նշանակության ծախսերին ուղղվել է համապատասխանաբար՝ 1.6 մլրդ դրամ եւ 9 մլրդ դրամ, գործուղումների եւ պատվիրակությունների ընդունելության գծով՝ 0.6 մլրդ դրամ: Արդյունքում վերաբաշխումները բացառումներից հետո կազմել են ավելի քան 62 մլրդ դրամ՝ հասնելով օրենքով սահմանված 3 տոկոս վերաբաշխումների շեմին:
Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ նաեւ հավելյալ վերաբաշխումներ են իրականացվել պաշտպանության, սոցիալական, գյուղատնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում:
Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում:
Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: