ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է: Հիմնականում խմբագրական բնույթի առաջարկներ էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:
Փոխնախարարի խոսքով առաջարկվող փոփոխությունները միտված են գործող իրավակարգավորումներն առավել հստակեցնելուն, օրենքներում առկա բացերը լրացնելուն, դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը, գործերը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի ապահովմանը: Ըստ փոխնախարարի՝ փաթեթի ընդունման արդյունքում որոշակիորեն թեթեւանալու են քաղաքացիների հոգսերը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
Դրական եզրակացության է արժանացել նաեւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Առաջարկվող փոփոխությունը տեխնիկական բնույթի է»,-ասել է Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը: