Սեպտեմբերի 14-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր դիտարկումները ներքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Նրա հավաստմամբ Լեռնային Ղարաբաղն ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներն այս պահին կյանքի եւ մահվան կռիվ են տալիս, այնտեղ հումանիտար վիճակն իսկապես օրհասական է, ճգնաժամն էլ ավելի է խորացել, մարդիկ ուղղակի հանապազօրյա հացի խնդիր ունեն: Թագուհի Թովմասյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում կրթական տարին սկսել է, բայց երեխաները հագուստ եւ կոշիկ ձեռք բերելու խնդիր ունեն:
Պատասխանելով լրագրողի հարցին ԼՂ խնդրի վերաբերյալ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը փաստել է. «Մենք պետք է դարձնենք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը թիվ մեկ թեման, եւ սա պետք է դառնա բանակցային լուրջ հարց: Այստեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի լուրջ անելիք, եւ այստեղ հայկական փաստարկները շատ ավելին են»: Ըստ Թագուհի Թովմասյանի՝ ԼՂ ժողովուրդը չի կարող Ադրբեջանի կազմում խաղաղ ապրել:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, կարծիք հայտնել, որ անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծված: «Այս մասին ես բարձրաձայնել եմ միջազգային իմ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, նաեւ գրավոր ձեւաչափով եմ տեղեկացրել, որպեսզի նրանք իմանան, որ իշխանությունները վաղուց հրաժարվել են իրենց հռչակած արժեքներից»,- ասել է Թագուհի Թովմասյանը: