«Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպությունն ու ՀՀ կառավարությունը տեւական ժամանակ է համագործակցում են: Նախորդ տարի Գերմանիա այցի ժամանակ մենք՝ խորհրդարանականներս եւս ցանկություն հայտնեցինք, որ «Berlin Economics»-ը համագործակցի ՀՀ ԱԺ հետ, վերլուծություններ կատարի նաեւ մեզ համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ կազմակերպությունն ընդունել է մեր առաջարկը, ինչի արդյունքում այսօր համագործակցության հուշագիր ենք ստորագրում: Այս մասին սեպտեմբերի 14-ին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ մեր երկրի խորհրդարանում ընդունելով «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին, կազմակերպության Հայաստանի պատասխանատու Դմիտրի Չերվիակովին, Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանին եւ մեր երկրում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինթրուպին:
«Մենք ողջունում ենք ՀՀ-ում շարունակաբար ամրապնդվող ժողովրդավարությունն ու կատարվող բարեփոխումները, ինչպես նաեւ աջակցում ենք տնտեսական փոխգործակցությանը: Համագործակցության հուշագիրը շատ կարեւոր է մեզ համար»,- ասել է մեր երկրում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինթրուպն ու հույս հայտնել, որ «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության կատարած հետազոտությունները դրական ազդեցություն կունենան ՀՀ խորհրդարանի աշխատանքի վրա:
Այս համատեքստում գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին հայտնել է, որ կազմակերպությունն ունի ոչ թե քաղաքական, այլ խորհրդատվական բնույթ:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության միջեւ հուշագրի ստորագրման արարողությունից հետո Ռիկարդո Ջիուչին հետազոտություն է ներկայացրել, որը կրել է «Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետեւանքով առաջացող տնտեսական հետեւանքները» խորագիրը: Հաջորդ հետազոտությունը վերաբերել է ՀՀ վրա ՌԴ քաղաքացիների տնտեսական ազդեցությանը: Հիմնական զեկուցող Դմիտրի Չերվիակովը հայտնել է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր մեր երկիր է եկել 55000 ՌԴ քաղաքացի, ինչը դրական ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության ու ՀՆԱ-ի վրա:
Հանդիպման վերջում հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին համագործակցության ու մեր երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող թեմաների վերաբերյալ հետազոտություններ կատարելու համար: Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ «Berlin Economics» կազմակերպության փորձառու մասնագետների հետ համագործակցությունն անգնահատելի աջակցություն է ՀՀ ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորների համար՝ ընդունվող կարգավորումների որակը բարելավելու տեսանկյունից: Նա հույս է հայտնել նաեւ, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի ու առավել կխորացնի հայ-գերմանական հարաբերությունները: