National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
12.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն
1 / 6

Հոկտեմբերի 12-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգավորներ Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզաննա Առաքելյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարտին Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալեքսան Պետրոսյանը:

 Աթենքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հունաստանի  Նախագահ  Կարոլոս Պապուլիասը:

 Ողջունելով հյուրերին` Հունաստանի Նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ գոյություն ունեցող դարերից եկող բարեկամական եւ ջերմ  հարաբերությունները, ինչը պայմանավորված է նաեւ պատմական ընդհանրությամբ եւ ճակատագրերի նմանությամբ: «Եվ հայերը, եւ հույները տուժել են Թուրքիայի կողմից», -նշեց Նախագահ Պապուլիասը: Նա ափսոսանք հայտնեց, որ մինչ օրս Թուրքիան ներողություն չի խնդրել հայերից Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության համար, ինչպես դա արեց Գերմանիան`  ներողություն խնդրելով հրեաներից նացիստների իրագործած հոլոքոսթի համար:

Հունաստանի Նախագահը կարեւորեց ԱԺ նախագահի այցը երկկողմ գործակցությունը զարգացնելու առումով եւ համոզմունք հայտնեց, որ  հունվարին սպասվող Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հունաստան էլ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ կխթանի միջպետական փոխգործակցությունը: Նա  կարեւորեց նաեւ միջխորհրդարանական եւ տնտեսական համագործակցության ակտիվացումը եւ ընդհանրապես հարաբերությունների խորացումը բոլոր բնագավառներում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, Հունաստանի նախագահը կարեւորեց հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր Հունաստանի հետ ձեւավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա: Նա բարձր գնահատեց Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված հարաբերությունները, որոնք կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար: Նշվեց, որ Հայաստանը նույնպես կարեւորում է Հունաստանի հետ հարաբերությունների թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ ձեւաչափերով  զարգացումը: Հայաստանի խորհրդարանի նախագահը շեշտեց, որ հայ-հունական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարեւոր բաղադրիչ մեր երկրի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Հունաստանի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական կառույցներում: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների եւ խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Արեւելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը` նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը, այս համատեքստում նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում  համագործակցության համար առկա ներուժը: Նա կարեւորեց միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը հետեւողական է ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը ու աստիճանական տնտեսական  ինտեգրումը  խորացնելու  իր  քաղաքական  հանձնառության   մեջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Կողմերը քննարկեցին նաեւ Հունաստանի հայկական համայնքին հուզող մի շարք հարցեր: 

ՀՀ ԱԺ պատվիրակության հաջորդ հադիպումը Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի  հետ էր:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով Հունաստան այցելելու հրավերի եւ  ջերմ ընդունելության համար` նշեց, որ Հայաստանը եւ Հունաստանը ավանդական բարեկամ երկրներ են եւ մեր ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: Հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման առումով Հովիկ Աբրահամյանը  առանձնահատուկ դեր  վերապահեց  օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա ընդլայնմանը: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց  Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով  երկկողմ այցերի ակտիվացումը` ապահովելով դրանց շարունակական բնույթը: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը, ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաեւ բազմակողմ, մասնավորապես, Եվրամիության հետ համագործակցության ձեւաչափով: Կարեւոր համարելով եվրաինտեգրման գործընթացում Հունաստանի փորձը, Հովիկ Աբրահամյանը առաջարկեց  քննարկել նաեւ փորձի փոխանակման հնարավորությունները Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Հունաստանի խորհրդարանի կողմից 1996 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար:

Հունաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց  իր հրավերը ընդունելու եւ  Հունաստան այցելելու համար եւ համոզմունք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի այցը կնպաստի երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացմանը: Նա կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացումը: Նրա համոզմամբ` երկու երկրների ավանդական բարեկամությանը մեծապես նպաստում է համայնքների գոյությունը եւ Հունաստանում, եւ Հայաստանում:

Պարոն Պետսալնիկոսը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերն ուղղված Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը եւ ողջունեց Հայաստան-Եվրամիություն բանակցությունների ընթացքը: Նա նշեց, որ Հունաստանը մշտապես Հայաստանի կողքին է եւ ամեն ինչ կանի Հայաստանին օժանդակելու   եվրաինտեգրման գործընթացում:

Կողմերը կարեւորեցին համագործակցությունը միջազգային կառույցներում  երկկողմ կարեւորություն ներկայացնող հարցերի շուրջ:

Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը իր հույն գործընկերոջը  պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան: Հրավերը սիրով ընդունվեց:

Հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների նախագահները  մամուլի համար հանդես եկան հայտարարությամբ:  Ֆիլիպոս Պետսալնիկոսը Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով:

Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԺ պատվիրակությունը Նեա Զմիրնիում ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեց  Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am