National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
13.10.2010
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն
1 / 3

Աթենքում հոկտեմբերի 12-ին եւ 13-ին շարունակվեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության հանդիպումները Հունաստանի խորհրդարանում:

Հայաստանի խորհրդարանի անդամները հանդիպեցին  Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ տիկին Ռոդուլա Զիսիի, Եվրոպական հարցերի  եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  Հայաստանի համար Հունաստանը ավանդական բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանը կապված է պատմական եւ մշակութային առնչություններով, կրոնական եւ հոգեւոր, այդ թվում ազգային հատկանիշների ընդհանրություններով: Մեր երկրների միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակ: ԱԺ նախագահի խոսքով` հայ-հունական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը արդյունք է վերջին տարիներին կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերի, ձեւավորված իրավապայմանագրային դաշտի, բարձր մակարդակի փոխայցելությունների: Դինամիկ զարգանում է համագործակցությունը հատկապես կրթական, մշակութային, ռազմական բնագավառներում: Ի տարբերություն քաղաքական շփումների ակտիվ զարգացմանը, առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի տնտեսության տարբեր բնագավառներում Հունաստանի հետ համագործակցության առավել խթանումն ու ընդլայնումը: Այս ոլորտում մեծ դերակատարություն է վերապահված Հայաստանի եւ Հունաստանի միջեւ համագործակցության միջկառավարական հանձնաժողովին: Նա ափսոսանք հայտնեց, որ հայ-հունական միջկառավարական հանձնաժողովը նիստ չի գումարել 2006 թ-ից ի վեր:  ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ ՀՀ Նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը  Հունաստան կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը  եւ տնտեսական կապերի զարգացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է եվրոպական ընտանիքին ինտեգրվելը: Նշվեց, որ հուլիսի 19-ին Երեւանում մեկնարկեցին «Ասոցացման համաձայնագրի» բանակցությունները: Աշխատանքներ են տարվում «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ: Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների ու խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը նպաստում է ԵՄ տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակներում համագործակցությունը:

ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը: Նա հույս հայտնեց, որ  այցը կխթանի եւ նոր ազդակ կհանդիսանա պատգամավորական խմբերի գործունեության, հանձնաժողովների մակարդակով փոխգործակցության եւ երկկողմ այցերի աշխուժացման համար:

Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ տիկին Ռոդուլա Զիսին ողջունելով իր հայ գործընկերներին` նշեց, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը ամուր հիմք է հանդիսանում քաղաքական, առեւտրատնտեսական, գիտամշակութային համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու համար: Նա նույնպես անդրադարձավ հայ եւ հույն ժողովուրդների ընդհանուր ճակատագրին եւ պատմական ընդհանրություններին, նշելով, որ երկու ժողովուրդներն էլ  ստիպված են եղել լքել պատմական հայրենիքը եւ լավ գիտեն, թե ինչ է սփյուռքը: Ամեն տարի ապրիլի 24-ին հույները հայերի հետ միասին նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը եւ հարգում անմեղ զոհերի հիշատակը:

Տիկին Զիսին նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը` նշելով, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Հունաստան մեծապես կնպաստի փոխգործակցության խորացմանը:

Ծավալվեց ակտիվ քննարկում հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման  եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Ազգային ժողովի պատգամավորներ  Էդուարդ Շարմազանովը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Հովհաննես Մարգարյանը հույն գործընկերներին ներկայացրեցին իրենց դիրքորոշումները արծարծվող հարցերի վերաբերյալ: Նրանք ընդգծեցին Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը եւ  կապերի ակտիվացման  համատեքստում կարեւորեցին երկկողմ շփումները: Ընդգծվեց միջազգային կառույցներում փոխգործակցության կարեւորությունը եւ աջակցությունը: Երկուստեք շեշտվեց, որ որպես խորհրդարանականներ կանեն ամեն ինչ, որ երկկողմ կապերը առավել զարգանան եւ ամրապնդվեն:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Հունաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների հետ : Հաջորդաբար հանդիպումներ կայացան «Ձախ արմատական կոալիցիա» խմբի նախագահ Ալեքսիս Ցիպրասի, «Նոր ժողովրդավարություն» խմբակցության նախագահ Անտոնիս Սամարասի, «Հունաստանի Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար  տիկին Ալեգա Պապարիգայի եւ  «Ազգային ուղղափառ միավորում» խմբի նախագահ Գեորգիոս Կարանցաֆերիսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հայ եւ հույն պատգամավորները կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը եւ փոխգործակցությունը միջազգային տարբեր կառույցներում եւ շեշտեցին, որ կարող են ապավինել միմյանց  աջակցությանը երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում:

Հոկտեմբերի 13-ին Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուի հետ:

ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ պարոն Էվթիմիուի պաշտոնավարման    ընթացքում Հայաստանի  Ազգային  ժողովի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջեւ հաստատված ջերմ համագործակցությունը կշարունակվի զարգանալ եւ կդառնա էլ ավելի արդյունավետ: Նա բարձր գնահատեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում`  համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դեր է ստանձնել միջազգային հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Նա նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը եւ  գոհունակությամբ փաստեց, որ այն լավ հիմքերի վրա է դրված, ինչը տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները:

Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը մշտապես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրության կենտրոնում պահելու փաստը եւ այս համատեքստում ընդգծեց   ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի միակ եւ գործուն ձեւաչափ: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուն կարեւորեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Հունաստան` նշելով, որ երկու ժողովուրդների դարերից եկող բարեկամությունը այժմ էլ խորանում եւ ամրապնդվում է, ինչին մեծապես նպաստում են երկու երկրների համայնքները: Նա բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ -ի եւ Հայաստանի խորհրդարանի համագործակցությունը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Էվթիմիուն  շեշտեց, որ հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Նա նշեց, որ  հակամարտության կարգավորման ամենագործուն  ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Ըստ ԵԱՀԿ ԽՎ նախագահի` հարցը չի կարելի տեղափոխվել այլ կառույց:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Պարոն Աբրահամյանը ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին հրավիրեց Հայաստան, հրավերը սիրով ընդունվեց:

Հոկտեմբերի 13-ի երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո ԱԺ նախագահը մասնակցեց ՀՀ անկախության 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը եւ հանդես եկավ ելույթով: Հովիկ Աբրահամյանի հրավերով ընդունելությանը  ներկա էին  նաեւ Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսը  եւ ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուն:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Հունաստանից կմեկնի Կիպրոս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am