National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
28.10.2010
Խորհրդարանն ավարտեց չորսօրյա նիստերի աշխատանքը
1 / 6

Հոկտեմբերի 28-ին խորհրդարանի աշխատանքը սկսվեց քվեարկություններով: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նաեւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակած օրենքի նախագիծը: Մինչ քվեարկությունը` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բարձրաձայնեց ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը.

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը համոզված են, որ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը համայն հայության երազանքն ու նպատակն է։

Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից  ԼՂՀ միակողմանի  ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին եւ զորակցում է խորհրդարանական կոալիցիան:

Անցած 18 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես շահագրգիռ մոտեցում է ցուցաբերել բանակցային գործընթացին՝ համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների ազնիվ եւ հետեւողական կենսագործման պայմաններում։

Միաժամանակ, համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական պետություն ունենալու իրավունքը այն բարձրագույն արժեքն է, հանուն որի  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես պատրաստ է գնալ առավել վճռական քայլերի, եթե բանակցային գործընթացը ձախողվի՝ վտանգելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը։

Ընթացող բանակցային գործընթացի ձախողման պարագայում մենք թե՛ ինքներս կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման քայլը, թե՛ կսատարենք դրանով մտահոգ ցանկացած այլ քաղաքական ուժի նախաձեռնությանը։

Այս պահին իշխող քաղաքական կոալիցիան հայտարարում է, որ չի մասնակցելու  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանը»։

Արձագանքելով հայտարարությանը` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, օրինագծի համահեղինակ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ կայացած խորհրդակցության ընթացքում կոալիցիոն գործընկերներն առաջարկել են Աստանայի առաջիկա խորհրդաժողովի համատեքստում հետաձգել օրինագծի քվեարկությունը: Պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ըստ այդմ իրենք որոշել են հետաձգել հարցի քվեարկությունը մինչեւ դեկտեմբերի 9-ը ներառյալ:

 Ազգային ժողովը 77 կողմ եւ ոչ մի դեմ ու ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշեց հետաձգել հարցի քվեարկությունը:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը շարունակեց քննարկել նախորդ օրը ընդհատված «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի ներկայացմամբ: Երկրորդ ընթերցմամբ պարոն Օսիկյանը ներկայացրեց եւս երկու հարց` «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը քննարկված բոլոր օրինագծերի վերաբերյալ ներկայացրել էր դրական եզրակացություն. այդ մասին բարձրաձայնեցին հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւ հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության օրենքի նախագիծը ներկայացրեց ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները թրաֆիկինգի, սեռական շահագործման, երեխաների առք ու վաճառքի եւ այլ հանցագործությունների հետ կապված մի շարք հարցեր կանոնակարգելու եւ հստակեցնելու նպատակ ունեն: Կառավարությունը գործող քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում առաջարկում է փոփոխություններ: 132.2 եւ 132.3 նոր հոդվածներով քրեականացվել են այնպիսի արարքներ, որոնց համար գործող օրենսգրքով պատժամիջոցներ չէին նախատեսվում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Հարցի առնչությամբ ելույթ ունեցան նաեւ ԱԺ պատգամավորները: Լարիսա Ալավերդյանը, Կորյուն Նահապետյանը, Արծվիկ Մինասյանը ներկայացրեցին իրենց մտահոգությունները եւ  առաջարկությունները:

Ամփոփիչ ելույթներում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն անդրադարձան պատգամավորներին մտահոգող խնդիրներին` առաջարկելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել առաջարկներ եւ դիտողություններ:

Առաջին ընթերցումով քննարկվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելություն միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով պետական ռեգիստրի, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ մարմինների հետ: Բացի այդ առաջարկվում է վերացնել անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձինք հաշվառվում են գրանցող մարմնի կողմից: Հաշվառումը հավաստող փաստաթուղթը` վկայականը պետք է ներառի ՀՎՀՀ-ն: Նշված իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ կարգելվի այն իրավաբանական անձանց գրանցումը, որոնց հիմնադիրները դատապարտված են եղել տնտեսական գործունեության դեմ ուղղված, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաեւ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար եւ նրանց դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Նախատեսվում է նաեւ ընկերության գործունեության մեկնարկի ընթացակարգերի պարզեցում, ժամանակի եւ ծախսերի կրճատում, ընկերության հիմնադրման ընթացակարգերի իրականացում ներկայիս 18-20 օրվա փոխարեն 5-6 օրում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը պատգամավորներին փոխանցեց Արա Սիմոնյանը:

«2009 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նշվեց, որ 2009 թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 4683 անձանցից ստացել է 3783 դիմում-բողոք, որից 1147-ը` գրավոր (դրանցից 42-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքները՝ ներկայացված 942 դիմումատուի կողմից), իսկ 2636-ը` բանավոր: Նշված ժամանակահատվածում դրական լուծում է ստացել 78 դիմում-բողոք, ինչի արդյունքում վերականգնվել է 378 անձանց խախտված իրավունքը: Դիմում-բողոքները վերաբերել են քաղաքացիական եւ քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավունքների խախտման վերականգնմանը, քրեական դատավարության ոլորտում անձի իրավունքներին, զինծառայողների իրավունքներին եւ զինծառայությանը, մարդու եւ քաղաքացու իրավունքներին եւ ազատություններին: Ծրագրով սահմանվել է ՀՀ-ում կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարվող պետական քաղաքականության սկզբունքները, առաջնահերթությունը եւ հիմնական ուղղություննները: 2009 թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է ակտիվ համագործակցել 24 հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ներկայացնում են ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ: Պաշտպանին կից փորձագիտական խորհրդին անդամակցում են պաշտպանի կողմից ներգրավված ազգային փոքրամասնությունների 2 համայնքների ղեկավարներ: 2009 թ. ընթացքում երեխայի իրավունքների վերաբերյալ պաշտպանին հասցեագրված 12 դիմում-բողոքները առնչվել են ալիմենտի վճարման դժվարություններին, միմյանցից առանձին ապրող ծնողների կողմից երեխայի հանդեպ ունեցած իրենց իրավունքները չարաշահելու դեպքերին, խամակալության եւ հոգաբարձության մարմինների գործողություններին: Երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների շարքում պաշտպանը կամ աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար այցելություններ են կատարել երեխայի խնամքի ու դաստիարակության տարբեր կազմակերպություններ:

Դրական գնահատելով ներկայացված զեկույցը,  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախպագահ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ այն շահեկանորեն տարբերվում է նախորդ տարիների զեկույցներից եւ ավելի օբյեկտիվ ու կառուցողական է: Զեկույցում ներառված են նաեւ առաջարկություններ, անդրադարձ է կատարվել նաեւ նոր իրավահարաբերությունների: Զեկույցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:


28.10.2010
Պարզաբանում
Ի պատասխան panorama.am էլեկտրոնային լրատվական գործակալության հոկտեմբերի 28-ին հրապարակված «Վ. Դալլաքյանը չքվեարկեց, քանի որ «քվեարկությունն անօրինական էր» հոդվածի: ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի համաձայն Ազգային ժողովն իր գործունեության կազմակերպական հարցերով ընդունում է որոշու...

28.10.2010
Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը համոզված են, որ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը համայն հայության երազանքն ու նպատա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am