National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
29.10.2010
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի եւ Դամիեն Աբադի հանդիպումները ՀՀ ԱԺ-ում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 29-ին հանդիպեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին / Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խումբ, Եվրանեսթ ԽՎ-ի անդամ/ եւ Դամիեն Աբադիին /Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ/:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ողջունելով հյուրերին, կարեւորեց նրանց կատարած  այցը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, ըստ նրա,  պատվիրակություններին առավել լայն հնարավորություն է ընձեռում  բազմակողմանիորեն  ծանոթանալ ղարաբաղյան  հիմնախնդրին, գտնել լուծման ուղիներ:

Հյուրերի խնդրանքով  Արմեն Ռուստամյանն անդրադարձավ տարածաշրջանային հիմնախնդիրներին, Հայաստանի` որպես գերակա առաջնահերթություն որդեգրած եվրաինտեգրմանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ստորագրված արձանագրություններին, դրանց վավերացման առկախման պատճառներին,   ԼՂ հակամարտության լուծման ուղիներին, փախստականների վերադարձի եւ փոխհատուցման հարցերին, հակամարտող երկրներում ռազմագերիների առկայությանը եւ այլն :

Նա մասնավորապես  վերահաստատեց, որ հայկական կողմը ԼՂ հակամարտության կարգավորումն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում,  քանի որ նոր ձեւաչափի  ընտրությունը կառաջացնի  բազմաթիվ նոր խնդիրներ:

Արմեն Ռուստամյանը եվրոպացի գործընկերներին տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը  ինքնորոշվել է ժամանակին գործող ԽՍՀՄ  օրենսդրությանը համապատասխան, այսօր էլ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես անկախ կարգավիճակով:


Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին եւ Դամիեն Աբադին ընդունեց նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ողջունելով հյուրերին` տիկին Զոհրաբյանը կարեւորեց Եվրախորհրդարանի պատգամավորների այցը Ղարաբաղ` վստահ լինելով, որ եվրոպացի խորհրդարանականները տեսել են խաղաղ ապրող մի ժողովուրդ, մի պետություն, որն ունի կայացած ինստիտուտներ: Հանձնաժողովի նախագահը համոզված է, որ լինելով Ղարաբաղում` Եվրոպական խորհրդարանի պատվիրակները հասկացել են, որ ԼՂ անկախությունը այլընտրանք չունի եւ այլեւս հնարավոր չէ պարտադրել այդ ժողովրդին ապրել Ադրբեջանի ենթակայության ներքո: Նա վստահ է, որ հյուրերը օբյեկտիվ եւ հստակ տեղեկատվություն են ստացել ԼՂ հակամարտության վերաբերյալ եւ անաչառ դիրքորոշումներով հանդես կգան Եվրախորհրդարանում: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի համար կարեւոր է, որ միջազգային կառույցներում, ուր որոշումներ են կայացվում տարածաշրջանի, Հայաստանի, ԼՂ վերաբերյալ, հնչեն օբյեկտիվ գնահատականներ, որպեսզի միջազգային հանրությունը անկողմնակալ եւ հստակ տեղեկատվություն ունենա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:  Անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից փետրվարին ընդունված կիրիլովյան բանաձեւին` հանձնաժողովի նախագահը նշեց, որ թեեւ բանաձեւը խորհրդատվական բնույթ ունի, այդուհանդերձ Ադրբեջանը այն քարոզչական հաղթաթուղթ դարձրեց իր ձեռքին եւ դրա քաղաքական ազդեցությունը կարողացավ հստակ օգտագործել. այդ երկրի նախագահն ու քաղաքական էլիտան կիրիլովյան բանաձեւի ընդունումից հետո սկսեցին հայտարարել, որ ԵՄ-ն իրենց հետ է եւ այդ բանաձեւի ընդունումից հետո էր, որ Ադրբեջանի քաղաքական էլիտայի ռազմատենչ հայտարարությունները դարձան առավել պարբերական:

Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ վերջին շրջանում այն միջազգային կառույցներում, որոնք պետք է հետամուտ լինեն իրենց հիմնարար արժեքներին` մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արդարություն, ցավոք սրտի, որոշ դեպքերում այլեւս ազդեցություն են ունենում նավթադոլարները: «Մենք չունենք նավթադոլարներ, մենք ունենք ճշմարտություն, որը պետք է փորձենք ամեն կերպ հակադրել թուրք-ադրբեջանական նավթադոլարներին»,- նշեց տիկին Զոհրաբյանը: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միշել Ռիվազին առաջարկեց հետաքննող հանձնաժողով ստեղծել` տեսնելու համար, թե Ադրբեջանը ի՞նչ պայմաններում է պահում իր իսկ ազերի փախստականներին: Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց պատգամավորի հետ` առաջարկելով նաեւ Եվրախորհրդարանում դիտորդական առաքելություն ձեւավորել` գնալ Ջուղա, տեղում տեսնելու  Ադրբեջանի իշխանության հովանավորությամբ Նախիջեւանի Ջուլֆայում կատարված  մշակութային վանդալիզմը:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս: 
  

ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը,  ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը,  ՕԵԿ  խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի եւ Դամիեն Աբադի հետ:

Տիկին Միշել Ռիվազին տեղեկացրեց, որ իրենք արդեն այցելել են Լեռնային Ղարաբաղ: Այցի հիմնական պատճառը եվրախորհրդարանի ընդունած հանրահայտ բանաձեւն էր, որը չէր համապատասխանում ոչ միայն իրենց, այլեւ այս հարցով մտահոգ շատերի պատկերացումներին:

Հյուրերի խնդրանքով Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները անդրադարձան  արցախյան հիմնախնդրին, ներկայացրին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրենց պատկերացումները, Հայաստանի կողմից Ղարաբաղին տրվող ֆինանսական աջակցության ձեւերը, քննարկվեցին ռազմագերիներին առնչվող հարցեր:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը տեղեկացրին, որ ամեն տարի Հայաստանը վարկերի տեսքով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Ըստ բանախոսների` ռազմագերու հասկացողություն այսօր չկա եւ որպես կանոն` գերի են ընկնում սահմանամերձ խաղաղ բնակիչները, որոնք կարմիր խաչի օժանդակությամբ փոխանակվում են: 90-ական թվականների սկզբների պատերազմական գործողությունների ժամանակ անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ գրեթե ոչինչ հայտնի չէ:

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի գնահատմամբ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար կամքի, այն է` միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքի իրականացման համար պետք է երկու կարեւոր քայլ կատարել` կանխել Ադրբեջանի ռազմատենչ քարոզչությունն ու պատմական փաստերի աղավաղումները եւ  համաշխարհային հանրությանը, հատկապես աշխարհի խորհրդարաններին ներկայացնել ճշմարտությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված Հայաստանը շրջափակել է դեռեւս 1993 թվականից,  եւ այսօր էլ  շարունակում է երկկողմ հարաբերությունները պայմանավորել ղարաբաղյան հիմնախնդրով: Եվ որոշ եվրոպական կառույցներ փոխանակ  շահարկելու արցախյան հիմնախնդիրը, լավ կլիներ ականջալուր լինեին ճշմարտությանը եւ ստիպեին Թուրքիային փոխելու իր վարած քաղաքականությունը:

ՕԵԿ  խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նույնպես մտահոգություն հայտնեց ԼՂ հարցում որոշ եվրոպացի քաղաքական գործիչների կեցվածքի համար` հիշեցնելով, որ չպատժված յուրաքանչյուր հանցագործություն  նոր հանցագործություն է ծնում:

Համաձայնելով հայ գործընկերների արտահայտած տեսակետների հետ` Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հավաստիացրին, որ իրենք քայլեր կձեռնարկեն նոր ռազմավարություն մշակելու ուղղությամբ, եվրախորհրդարանի ուշադրությունը կհրավիրեն իրական փաստերի վրա` չեզոքացնելու  բանաձեւում տեղ գտած  անընդունելի  փաստարկումները:


29.10.2010
Խորհրդարանական ճեպազրույցները
Ազգային ժողովի խմբակցությունները հոկտեմբերի 29-ի ճեպազրույցներում ամփոփեցին քառօրյա նիստերի աշխատանքները, միաժամանակ անդրադարձան քաղաքական  մի քանի կարեւոր իրադարձությունների: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը քառօրյայի ընթացքում քննարկված նախագծերից առանձնացրեց «Նվազագույն...

29.10.2010
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 29-ին Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ մինչեւ 30 օրով հետաձգվեց «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստման մասին»  ՀՀ օրենքեում  լրացում կատարելու մասին» եւ  մինչեւ ...

29.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի դեսպանին
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին: Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց աշխատանքում` ի...

29.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներին
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին  եւ   Դամիեն Աբադին: Կարեւորելով Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ   եվրոպական եւ մի...

29.10.2010
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետին
Հոկտեմբերի 29-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Երեանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց Կանադայի հետ հարաբերությունների խորացումը, միջխորհրդար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am