National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.04.2011
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 1

Ապրիլի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, բացառությամբ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթի, որի քվեարկությունը կիրականացվի ապրիլի 13-ի նիստում:

 Խորհրդարանը վավերացրեց նաեւ նախորդ օրը քննարկված «ՀՀ  եւ ՌԴ միջեւ 1995 թվականի մարտի 16-ի «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 20-ին Երեւանում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված փոքրիկ «Հայ ասպետ»  կրթական կենտրոնի սաներին:

Այնուհետեւ շարունակվեց նախորդ օրն ընդհատված «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը տեղեկացրեց, որ օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը դրական է:

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանը: Ողջունելով ներկայացված նախագիծը, պարոն Բալասանյանը նշեց, որ օրինագծի ընդունումը լուրջ խթան կհանդիսանա  աղետի գոտում տնտեսության զարգացման եւ ներդրումների համար, ինչը կնվազեցնի գործազրկության մակարդակը:

Ըստ  ԱԺ փոխնախագահի` օրինագիծը բարերար միջավայր կապահովի նաեւ փոքր եւ միջին բիզնեսի եւ գյուղատնտեսության զարգացման համար:

Օրինագծի վերաբերյալ հնչեցին նաեւ հակառակ կարծիքներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ բարձրացված հարցերին, պարզաբանեց, որ ՀՀ կառավարությունը օրինագիծը մշակել է, ունենալով բացառապես մեկ նպատակ` տնտեսության հավասարաչափ զարգացում հանրապետության ողջ տարածքում, աշխատատեղերի ապահովում եւ ներդրումների խրախուսում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտիներում:

Երկրորդ ընթերցմամբ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Նախքան երկրորդ ընթերցմամբ քննարկմանն անցնելը` պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին օրինագծում ավելացված երկու հոդվածները, որոնք վերաբերում են օրենքում ամրագրված հասկացություններին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրվա երկրորդ կեսին ԱԺ Կանոնակարգի համաձայն խորհրդարանն առաջին ընթերցմամբ  քննարկեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած եւ նրանց կողմից հրատապ համարված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը:

Ըստ հիմնավորման` 2004 թվականին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ գործող օրենքի համապատասխան հոդվածով սահմանվում է, որ կենսաապահովման նվազագույն զամբյուղն ու բյուջեն հիմք են գնահատելու համար հանրապետության բնակչության կենսամակարդակը, գնահատված ցուցանիշն օգտագործելու պետական սոցիալական քաղաքականությունը մշակելիս եւ իրականացնելիս,  նաեւ` հիմնավորելու համար նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի, նպաստի, չհարկվող եկամտի չափերը: Օրենքի մեկ  այլ հոդվածով սահմանվում է կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը:

Ներկայացված օրինագծի նպատակը, ինչպես նշեց հիմնական զեկուցողը, օրենքի այդ նորմերի իրականացման ապահովումն է:

Առաջարկվում է հստակեցնել գործող օրենքի դրույթները, բացի այդ` հեղինակները ներկայացրել են կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որը հիմնված է  մի շարք դիտարկումների եւ  այլ երկրների համանման համակարգերի ուսումնասիրության վրա:

Արծվիկ Մինասյանի խոսքով` ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ, կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքն ըստ իրենց հաշվարկների կազմում է 61000 դրամ, այնինչ նվազագույն աշխատավարձը սահմանված է 32500 դրամ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հարակից ելույթում տեղեկացրեց, որ հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի վերաբերյալ բացասական է:

Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ խնդրի հետ կապված շրջանառության մեջ են եւս երկու օրինագծեր, եւ ՀՅԴ խմբակցությանն առաջարկվել է հետաձգել օրինագծի քննարկումը, իսկ հարցին համապարփակ անդրադառնալ առավել բարենպաստ ժամանակահատվածում, ինչը չի ընդունվել: Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ աշխարհի տարբեր երկրներում ընդունված է օգտագործել կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկման տարբեր մեթոդներ, եւ դրանցից մեկով, որը ընդունել է նաեւ ՄԱԿ-ը եւ որը գործում է նաեւ Հայաստանում, կենսաապահովման  զամբյուղի արժեքը մեր երկրում կազմում է  մոտ  33000 դրամ:

Օրինագծի վերաբերյալ ելույթներ ունեցան ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Նախարարները պարզաբանեցին, որ ՀՀ կառավարությունն այս պահին աննպատակահարմար է համարում հարցի քննարկումը:  Նախատեսվում է հարցը քննարկել համակողմանի եւ իրատեսական ծրագրերի առկայությամբ: Մասնավորապես` նախատեսվում է տնտեսական զարգացմանը զուգընթաց «թարմացնել» ՀՀ կառավարության կայուն զարգացման ծրագիրը:

Իրենց դիրքորոշումները հարցի վերաբերյալ ներկայացրեցին ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարեւորելով օրինագծի ընդունումը, նպատակահարմար համարեց խնդրին այսօր անդրադառնալը, քանի որ այսօր այն հրամայական է: Նա  անդրադարձավ այլընտրանքային տարբերակների քննարկման համար նախատեսված ժամանակահատվածին եւ ներկայացրեց դրա վերաբերյալ իր տեսակետները:

ՀՀԿ խմբակցության բացասական դիրքորոշումը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց Հակոբ Հակոբյանը:  Նա մասնավորապես տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ չէ հարցի քննարկմանը. պարզապես  նախատեսված է հարցին անդրադառնալ այն ժամանակ, երբ կմշակվեն խնդրի կարգավորման հստակ ճանապարհներ եւ լուծումներ: Իսկ այդ ժամանակը, ինչպես նշեց Հակոբ Հակոբյանը, սերտորեն շաղկապված է բյուջետային քննարկումների ժամանակահատվածին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Ավելացված արժեքի հարկի  մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում նախատեսված փոփոխությունները առնչվում են գյուղատնտեսության ոլորտում համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարողներին/ կոոպերատիվներ եւ այլ սուբյեկտներ/: Փոփոխությունների արդյունքում համատեղ գործունեության պայմանագրով գործող տնտեսվարող սուբյեկտները չեն հայտնվի ԱԱՀ-ով հարկման դաշտում:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը, նկատելով, որ օրինագծի ընդունումը կխթանի գյուղատնտեսության զարգացումը:

Օրվա  վերջում ԱԺ Կանոնակարգի համաձայն պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:


12.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին եւ Հանրապետության խորհրդի նախագահ Անատոլի Ռուբինովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր  է հղել Բելառուսի Հանրապետության  Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին  եւ Հանրապետության խորհրդի  նախագահ Անատոլի Ռուբինովին. «ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից հղում ենք...

12.04.2011
Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ղեկավարները: Ողջունելով հյուրերին`...

12.04.2011
Պարզաբանում
Ի պատասխան  «Ժամանակ» օրաթերթի հրապարակած  մտացածին  եւ սխալ տեղեկությունների` բազմիցս պարզաբանել ենք,  որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երբեւիցե  առնչություն չի ունեցել եւ չունի Երեւանի  Նալբանդյան 106 հասցեում գտնվող մանկապարտեզի ու դրան հարող տարածքների...

12.04.2011
Հերթական բաց դասին մասնակցեցին «Հայ ասպետ» կենտրոնի սաները
Ապրիլի 12-ին ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին «Հայ ասպետ» կրթության կենտրոնի սաները: ԱԺ քառօրյա նիստի աշխատանքին հետեւելուց հետո նրանք մասնակցեցին ավանդական դարձած բաց դասին, որն այս անգամ անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա ողջունեց կենտրոնի սաների մ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am