National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
18.12.2012
Խորհրդարանը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 8

Դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին նախորդ օրն ընդհատված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Ըստ զեկուցողի՝ 2013 թ.-ից 1 մլրդ դրամի եւ 2014 թ.-ից 500 մլն դրամի շեմը գերազանցող շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվապահական հաշվառում պետք է իրականացնեն համակարգչային ծրագրերով:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Խոսրով Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովում օրինագիծը երկար քննարկվել է եւ կառավարության ներկայացուցչի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ կառավարությունը միայն հաշվապահական հաշվառում իրականացնելու համար կարող է սահմանել պահանջներ եւ չափանիշներ: ԱԺ պատգամավորի կարծիքով՝ ծրագրավորման ոլորտում չափորոշիչներ սահմանելն իր մեջ պարունակում է մոնոպոլիզացման վտանգներ: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ օրինագիծն անհրաժեշտ է լրամշակել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Եզրափակիչ ելույթում Սուրեն Կարայանը նշեց, որ օրենքի նախագծով կազմակերպություններն ազատորեն կարող են ընտրել՝ որ հաշվապահական հաշվառման ծրագրով վարել հաշվապահությունը:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ որոշ ապրանքների հաշվառման համակարգի ներդրումը կբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը, որն էլ իր հերթին թույլ կտա ստեղծել լրացուցիչ պայմաններ հարկային եկամուտներ հավաքագրելու, երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ ապրանքների կեղծումներից սպառողների շահերը պաշտպանելու համար:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր ելույթում առաջարկեց շահագրգիռ կողմերին առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել իրենց առաջարկությունները:

Եզրափակիչ ելույթում Սուրեն Կարայանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագիգիռ քննարկումների համար: Կառավարության ներկայացուցիչը իրազեկեց, որ աշխարհի գրեթե բոլոր երկրները կիրառում են նման համակարգ:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց արտահերթ նստաշրջանում քննարկված բոլոր հարցերը:

Քվեարկություններն ավարտելուց հետո պատգամավորներն սկսեցին երկրորդ ընթերցմամբ քննարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ կառավարությունն ընդունել է ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Կորյուն Նահապետյանի, Արայիկ Հովհաննիսյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի՝ օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ներկայացրած բոլոր առաջարկները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Ազգային ժողովը քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը, ինչպես նաեւ «ՀՀ 2013-2015 թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցերը: Պատգամավորները քննարկման դրված հարցերի վերաբերյալ ելույթներ չունեցան:

«Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկվող փոփոխությունները բնորոշեց որպես թեթեւացնող ռեժիմ, բարեփոխում ոլորտում: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հակասություններ նկատելով նախագծի որոշ ձեւակերպումներում, նշեց, որ, իր կարծիքով, հակառակը՝ խստացումներ են սպասվում: Նրա հարցադրումներին իրենց ամփոփիչ ելույթներում պարզաբանումներ տվեցին հիմնական եւ հարակից զեկուցողները:

Այնուհետեւ խորհրդարանն անցավ ՀՀ կառավարության կողմից ներկայացված մյուս՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը: Օրենքի նախագծում իր ելույթում թերություններ մատնանշեց պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ պնդելով, որ կա վերանայման, լրամշակման անհրաժեշտություն: Նախագծում տեղ գտած ժամկետների վերաբերյալ իր անհամաձայնությունը հայտնեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Պատգամավորներն քննարկեցին նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի կողմից ներկայացվել է երեք առաջարկ, որոնց հիման վրա էլ վերանայված է նախագծի նոր տարբերակը: Հարակից զեկուցման ժամանակ Վարդան Այվազյանը հանձնաժողովի անունից հավանության արժանացրեց նախագծի վերանայված տարբերակը: Հոդվածներից մեկում խմբագրական թեթեւ միջամտության անհրաժեշտություն նկատեց պատգամավոր Խոսրով Հարությունյանը. ամփոփիչ ելույթի ժամանակ Սուրեն Կարայանը ներկայացրեց տեքստը՝ արդեն փոփոխված տարբերակով, որը, ինչպես նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, շատ ավելի բարեհունչ է:

Բուռն քննարկման արժանացավ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո պատգամավորներից ստացած առաջարկների հիման վրա նախագծից հանվել է առաջին հոդվածը, իսկ երկրորդը վերախմբագրվել է: Հարակից զեկուցման ժամանակ Վարդան Այվազյանը եւս նկատեց, որ օրենքի նախագիծը քննարկումների երկար փուլ է անցել, եւ բոլոր հարցադրումներին կարծես թե տրվել են պատասխաններ: Իրենց ելույթներում, սակայն, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Խոսրով Հարությունյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանն առաջարկվող փոփոխությունների արդյունքում մի շարք սպառնալիքներ նկատեցին՝ ուղղված տնտեսությանը, ընդերքն օգտագործողների շահերին: Իր ամփոփիչ խոսքում Վարդան Այվազյանը հավատացրեց նախագածում խնդիրներ նկատող պատգամավորներին, որ դրանք զուտ թվացյալ են. առաջարկվող փոփոխությունները միայն ու միայն օգնում են տնտեսվարողներին՝ նրանց դուրս բերելով ավելորդ քաշքշուկներից:

Խորհրդարանը քննարկեց նաեւ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ փոխհամագործակցության եզրեր գտնելու նպատակով: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխության հիմքում աշխարհի առաջավոր երկրներում գործող օրինակն է:

Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ ի վերջո հնարավոր չեղավ հասնել համագործակցության. առաջարկվող մոտեցմամբ էթիկայի հանձնաժողովի հարցը քաղաքականացվում է: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ինքը կհրաժարվի էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, եթե քաղաքական մեծամասնությունը կողմ քվեարկի այս նախագծին:

ՀՅԴ խմբակցության անունից ելույթի ժամանակ պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ նոր ձեւաչափով էթիկայի հանձնաժողովը «քառակուսի անիվ» է դառնալու, որը չի գործելու:

Հարցի քննարկումը խորհրդարանը կշարունակի դեկտեմբերի 19-ի նիստում:


18.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնն ավարտվեց
Դեկտեմբերի 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը: Համերգին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am