National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.1.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
30.01.2013
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
1 / 4

ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ հունվարի 30-ին գումարեց նիստ՝ քննարկելու ԱԺ երրորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ներառելու համար առաջադրված հարցերը:

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հանձնաժողովի նիստում հիմնավորեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունը: Կառավարությունը նախատեսում է խստացնել ջրային ռեսուրսների պահպանման, նաեւ ջրառի եւ ջրամատակարարման կանոնները խախտելու համար սահմանված վարչական տույժերը՝ ավելացնելով տուգանքների չափերը: Հիմնական զեկուցողը նշեց, որ Արարատյան ջրավազանում շատ են չկանոնակարգված ջրօգտագործման դեպքերն ու խախտումները՝ պայմանավորված հիմնականում ձկնաարդյունաբերական գործունեության ակտիվացմամբ: Սա բացասական ազդեցություն է թողնում թե ջրային պաշարների արդյունվետ օգտագործման, թե հողերի որակի վրա: Ջրային պաշարների նոր գնահատում այստեղ չի կատարվել, սակայն նախկին տվյալներով՝ ստորերկրյա ջրերի ծավալը 1.5 մլրդ խորանարդ մետր է: Մասնագետների գնահատմամբ՝ Արարատյան դաշտավայրում պետք է լուծարվի 525 եւ կոնսերվացվի 470 խորքային հոր: Այն դեպքում, երբ դրանց ընդհանուր թիվը 3165 է: Արձագանքելով հանձնաժողովի պատգամավորների հարցադրումներին՝ տուգանքների ավելացումը խնդրի լուծման բավարար պայման լինելու մասին, Սիմոն Պապյանը տեղակացրեց, որ իրավիճակը շտկելու համար ծրագրել են համալիր միջոցառումներ, այս քայլը դրանցից մեկն է, եւ հավաքագրված գումարները կուղղվեն հորերի լուծարմանը: Հանձնաժողովը երաշխավորեց դրական եզրակացությամբ հարցն ընդգրկել նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում:

«Ժառանգություն» խմբկացության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր գործընկերներին ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի համահեղինակությամբ մշակած նախագիծը խորհդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հեղինակների ձեւակերպմամբ՝ հանձնաժողովը պետք է Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ՝ ուսումնասիրություն իրականացնելու միջոցով: Զարուհի Փոստանջյանը հարցի ուսումնասիրությունը խորհրդարանական ձեւաչափով անհրաժեշտ համարեց, քանի որ այս խնդրի վերաբերյալ դատական հայցը, հետեւաբար նաեւ քննությունը մերժվել էր:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունը չստացավ անհրաժեշտ թվով կողմ ձայներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:

Առաջարկվում է օրենքի 2006-2007 թվականներին մասնավորեցման ներկայացված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկից հանել «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն եւ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է հանել «ձայնային ծառայությունների մատուցում» եւ «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» պարզ լիցենզիաների տեսակները, իսկ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի բարդ լիցենզիայի տրման ընթացակարգը էապես պարզեցնել՝ միաժամանակ ամրագրելով, որ այդ լիցենզիան նույնպես կհանվի 2014 թվականին:

Արմեն Եղիազարյանը ներկայացրեց նաեւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապեության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթով սահմանվում է, որ ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով դիմած անձանց ջրօգտագործման թույլտվությունները տրվում են 1 տարի ժամկետով՝ հիդրոէլեկտրակայանների կառուցման ժամանակահատվածի համար, որը համարվում է երկարաձգված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավել, քան 20 տարին: Առաջարկվում է նաեւ արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչել՝ սահմանելով, որ էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության գործունեության լիցենզիայով անձին տրվում է նաեւ էլեկտրական կամ ջերմային կայանների կառուցման իրավասություն:

Առաջարկվում է հանել Էլեկտրական կամ ջերմային էներգիայի եւ բնական գազի բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման գործունեության լիցենզիաները, ինչպես նաեւ սահմանվում է, որ կարգավորման ենթակա չեն բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման եւ բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ:

Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ արդյունքում կբարելավվեն ոլորտի կարգավորման եւ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու պայմանները:

Հանձնաժողովը քննարկված բոլոր նախագծերի վերաբերյալ ներկայացրեց դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Դրական եզրակացություն ստացավ նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի՝  Ստեփան Մարգարյանի նախագահությամբ հրավիրված նիստի օրակարգում ընդգրկված էր ՀՀ կառավարության ներկայացրած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի քննարկումը, հանձնաժողովի որոշմամբ, հետաձգվեց մինչեւ մեկ տարով:

Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Ինչպես նշեց հիմնական զեկուցողը, փոփոխությունները վերաբերում են բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը, որը մինչ այս իրականացնում էր ՀՀ առողջապահության նախարարությունը: Նոր կարգի համաձայն՝ նախատեսվում է լիազորությունները տրամադրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, ինչպես որ մյուս կրթական հաստատությունների դեպքում է: Մանուկ Մկրտչյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչն էլ ուղղված է Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացմանը:

Պատգամավորները քվեարկության արդյունքում դրական եզրակացություն տվեցին քննարկված օրինագծերի փաթեթին՝ ԱԺ երրորդ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Պետական  ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց համահեղինակ Կարինե Աճեմյանը: Նա նշեց, որ կատարված փոփոխությունը կապված է հիմնականում տեխնիկական թերությունների եւ կառավարության ներկայացրած երկու խմբագրական բնույթի շտկումների հետ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց՝ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:

Քննարկվեց նաեւ կառավարության հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Արտակ Դավթյանը: Կատարված փոփոխությունները վերաբերում են օրենքի 16-րդ հոդվածին, որի շարադրանքը նախկին տարբերակում, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը, խրթին էր, պարունակում էր հասկացություններ, որոնք չեն բխում ժամանակակից մոտեցումներից:

Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը, հեղինակների առաջարկությամբ, որոշեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել «2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը, ինչպես նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:


30.01.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի եւ Սենատի նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին եւ Սենատի նախագահ Կայրաթ Մամիին: Խորհրդարանի նախագահը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից Մեջլիսի եւ Սենատի նախագահներին, պատգամավորներին խորին ցավակցությո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am