Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության նորանշանակ ղեկավար Գագիկ Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները:
Կորյուն Նահապետյանը շնորհավորել է առաքելության ղեկավարին եւ մաղթել հաջողություն դիվանագիտական ծառայության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հեռանկարներին, խաղաղապահ առաքելություններում Հայաստանի Հանրապետության մասնակցությանը, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին առնչվող հարցեր: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում անդրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտության դերին, ինչպես նաեւ պաշտպանության ու անվտանգության ոլորտում շարունակվող բարեփոխումներում ՆԱՏՕ-ի աջակցության կարեւորությանը:
Գագիկ Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցելու Ազգային ժողովի մարմինների հետ՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունից բխող առաջնահերթությունների իրականացման գործում: