National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.04.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 11

09 ապրիլի 2019

Ժամը 11:00

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 
   

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ
 
 

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում։

Գրանցվել է 78 պատգամավոր, քվորում կա։

Հարգելի գործընկերներ, մեզ մնացել է 2-րդ ընթերցմամբ քննարկել երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, որից անմիջապես հետո տեղի կունենան դրանց քվեարկությունները։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգարժան նախագահություն, հարգելի պատգամավորներ, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախատեսված ժամկետում պատգամավորների կողմից որեւէ առաջարկություն չի եղել, նաեւ օրենքի հեղինակների կողմից որեւէ փոփոխություն չի նախաձեռնվել օրենսդրական փաթեթում։

Այսպիսով, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ունի հետեւյալ տեսքը. հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ.249.Ն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասում «1 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «Ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը» բառերով։

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

Նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ունի հետեւյալ տեսքը. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ.115.Ն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասում «1 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «Ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը» բառերով։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

Նախագծերի վերաբերյալ որեւէ նոր բան չունեմ ավելացնելու, դրանց հիմնավորումները նույնն են եւ նաեւ սրանց վերաբերյալ հնչել են հարցեր, տրվել են պարզաբանումներ, որեւէ նոր բան նախաձեռնողը չի ավելացնում։ Այսքանը։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Զեյնալյան։ Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հարցեր չեն կարող լինել։ Այժմ, խնդրեմ, զբաղեցրեք ձեր տեղը, քանի որ ժամանակն է մտքերի փոխանակության համար։ Մտքերի փոխանակության համար՝ գրանցում։

Գրանցվել է 2 պատգամավոր։

Գեւորգ Պետրոսյան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Հանում է ելույթը։

Անուշ Բեղլոյան: Նույնպես հանում է ելույթը։

Շատ լավ, եզրափակիչ ելույթի կարիք կա՞, պրն Զեյնալյան: Ոչ, շատ լավ։

Հարգելի պատգամավորներ, այժմ քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան։

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում դրա համար նախատեսված ժամկետում պատգամավորների կողմից առաջարկություններ չեն եղել, եւ օրենքի հեղինակը որեւէ փոփոխություն չի կատարել նախագծում։ Հետեւաբար՝ ներկայացնում եմ նախագիծն այն տեսքով, ինչպիսին որ կա։

ՀՀ օրենքը «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»։ Հոդված 1. «Տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ.200 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 հոդվածով։ Հոդված 4.1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»։

Հոդված 2-րդ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։

Հիմնավորումները պահպանվել են նույնը, նաեւ այն բացատրություններով, որոնք տրվել են՝ ի պատասխան պատգամավորների հնչեցրած հարցերին։ Շնորհակալ եմ, այսքանը։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, ձեզ հարցեր չեն կարող տրվել։ Այժմ մտքերի փոխանակության համար եմ գրանցում։

Եզրափակիչ ելույթի կարիք կա՞, պրն Զեյնալյան: Ոչ։

Հարգելի պատգամավորներ, այժմ քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջեւ ընկած ժամանակահատվածում ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ նախագծի հեղինակի՝ Կառավարության կողմից առաջարկներ չեն եղել։ Հետեւաբար՝ նախագիծը մնացել է այնպես, ինչպես ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Հիշեցնեմ, որ նախագծի կարգավորման առարկան վերաբերվում է ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալների հաշվառման չափման միավորին: Գործող օրենսդրությամբ այն խմ-ն է, նախագծով առաջարկվում է անցում կատարել կգ-ի՝ նախագծի ընդունման հիմնավորմամբ նշված պատճառներով։

Նաեւ տեղեկացնեմ, որ նախատեսվում է, որ օրենքն ամբողջությամբ ընդունվելու պարագայում ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Շնորհակալություն։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պողոսյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հետեւապես՝ հարցեր նույնպես չեն կարող տրվել։

Այժմ գրանցում՝ մտքերի փոխանակության համար։

Հերթագրվել է 1 պատգամավոր։

Սերգեյ Բագրատյան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։

Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ավելի շատ իմ հարցն ուղղված էր պրն Պողոսյանին, ուղղակի հնարավոր չեղավ երեկ հարցը ձեւակերպել։ Պրն Պողոսյան, դուք եւ՛ հանձնաժողովում քննարկման ընթացքում, եւ՛ հարցազրույցների ընթացքում հաճախ օգտագործում եք «գերշահույթ» եզրույթը, կոնկրետ գազի գնագոյացման հետ կապված «գազալցակայաններում գերշահույթներ են ստանում» արտահայտության տեսքով։

Ինձ շատ հետաքրքիր է «գերշահույթ» հասկացության այս ձեւակերպումը՝ որպես ՊԵԿ-ի մոտեցում.  ո՞ր տոկոսն է, որ համարում է շահույթի մեջ գերշահույթ։ Այս հարցի իմաստն այն է, որ հետագայում որեւէ գործընթաց՝ ստուգումների հետ կապված, տնտեսավարողների հետ կապված, հենց գազի լցակայանների ապագա աշխատանքի հետ կապված, որպեսզի հանիրավի չլինի «գերշահույթ» տերմինն օգտագործված, մենք ձեզանից ակնկալում ենք հստակ պատասխան, թե որ տոկոսն է համարվում այլեւս գերշահույթ։

Իմ պատկերացմամբ՝ միջին շահույթից բարձր շահույթը կոչվում է գերշահույթ, բայց ձեր պատկերացմամբ եւ նաեւ որպես ՊԵԿ-ի մոտեցում՝ ցանկալի է լսել, հասկանալ, որպեսզի նաեւ տնտեսվարողներին պարզ լինի՝ որ շահույթն է, որ այլեւս դուք գնահատելու եք որպես գերշահույթ։ Իսկ գերշահույթը, մենք գիտենք, որ ի վերջո, դա խրախուսելի արարք չի, հասկանանք, որպեսզի տնտեսվարողներն էլ խաղի կանոնները ճիշտ պատկերացնեն։ Շնորհակալություն։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթի համար՝ խնդրեմ, պրն Պողոսյան։

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի պրն Բագրատյան, ես, բնականաբար, չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է հասկանում ՊԵԿ-ը «գերշահույթ» եզրույթի տակ այն պարզ պատճառով, որ ՊԵԿ-ը չեմ ներկայացնում։

Ես խոսել եմ հետեւյալի մասին. առհասարակ, «շահույթ»-ը տնտեսագիտական եզրույթ է եւ կա նորմալ շահույթ, որը շահույթի այն չափաբաժինն է, որը տնտեսվարողին թույլ է տալիս կամ շարժառիթներ է ստեղծում, որպեսզի նա մնա, շարունակի գործել այդ ոլորտում։ Կա նորմալից բարձր շահույթ, այո, համաձայն եմ ձեզ հետ, որ հավանաբար, սա պետք է որակել որպես գերշահույթ, բայց խոսքը թվերի մասին չի կարող լինել, որովհետեւ դա շատ անհատական է, մի տնտեսավարողի մոտ  կարող է դա մեկ այլ ցուցանիշ լինել, մյուսի մոտ՝ բոլորովին այլ՝ կախված նրա ծախսերի մակարդակից, գներից, առհասարակ, ձեռնարկատիրական գործունեության արդյունավետությունից եւ այլն։

Բայց ես խոսել եմ հետեւյալի մասին. երբ հարցադրումներ եղան այն մասին, որ կարո՞ղ է արդյոք այս նախագիծը պարունակել այնպիսի ռիսկեր, որ չափման միավորի փոփոխությունը հանգեցնի գնաճային ճնշումների, ես ասել եմ՝ ոչ, նախագիծը չունի նման ռիսկեր, որովհետեւ նախագծով ընդամենը չափման միավորն է փոխվում, եւ փոփոխության հիմքում դրվում է գիտականորեն, տեսականորեն, բոլորիս համար ընդունելի եւ ֆիզիկայից բխող չափման միավորների փոխադարձ հարաբերակցությունը։ Բայց, եթե եղել են նախկինում տնտեսվարող սուբյեկտներ, որոնք օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թերակշռել են վաճառվող գազը եւ ըստ այդմ՝ ունեցել են նորմալից բարձր շահույթներ կամ գերշահույթներ եւ, եթե նրանք հավակնում են շարունակել իրենց շահույթի մակարդակը պահպանել, բնականաբար, կարող են փորձել բարձր գին առաջարկել՝ պահպանելու համար իրենց նախկինում եղած, մեր գնահատմամբ, չհիմնավորված շահույթները։

Եվ էստեղ է, որ մենք ապավինելու ենք մեր տեսչական մարմնի գործառույթներին եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմնի գործառույթներին։ Շնորհակալություն։

Լ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Պողոսյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Այժմ իրականացնելու ենք քվեարկություն, խնդրում եմ վերականգնել գրանցման պատկերը, որպեսզի պատգամավորները համոզվեն, որ գրանցված են։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում ՀՀ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 107
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 97
Դեմ՝ 3
Ձեռնպահ՝ 6

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 107
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունված է։

Շնորհակալություն, կհանդիպենք ամսի 16-ին։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am