National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.04.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 17

23 ապրիլի 2019

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ
 

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Բարեւ ձեզ։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։

101 պատգամավոր է գրանցվել, քվորում կա, կարող ենք սկսել նիստը։

Շարունակում ենք քննարկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը։ Այժմ ելույթի համար ձայնը տրվում է պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին, որը հանում է իր ելույթը։

Եվ վերջին պատգամավորը, որը գրանցվել է ելույթի համար, Հրաչյա Հակոբյանը եւս հանում է իր ելույթը։

Ըստ այդմ, պրն Հակոբյան, եզրափակիչ ելույթի հերթն է, եթե անհրաժեշտություն տեսնում եք, համեցեք։

Տ.ՀԱԿՈԲՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, փոխնախագահներ, հարգելի խորհրդարան, նախ՝ թույլ տվեք իմ շնորհակալությունը հայտնել երեկվա շատ անկեղծ, կառուցողական եւ բովանդակային քննարկման համար։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, դահլիճում խնդրում եմ լռություն։

Տ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Շատ կարեւոր է լսել ձեր հարցադրումները, տեսակետները, մտահոգությունները՝ մեր հանձնաժողովի հետագա աշխատանքները պլանավորելու եւ իրականացնելու համար։ Շատ կարեւոր էր հասկանալ, որ այն հարցերը, որոնք մտահոգում են եւ՛ հասարակությանը, եւ՛ մասնագիտացված կառույցներին՝ հեռուստատեսությանը եւ ռադիոյին, մտահոգում են նաեւ ձեզ, եւ դա այն հիմքն է հանդիսանում, որի վրա պետք է կառուցվի մեր համատեղ աշխատանքը։ Ասում եմ՝ համատեղ, որովհետեւ առանձին կառույցներն այս գլոբալ խնդիրը լուծել չեն կարող։ Գլոբալ, որովհետեւ այս տեղեկատվական տեխնոլոգիաների պայթյունային զարգացման արդյունքում վերգետնյա այս հեռարձակողներն այսօր եւ, ամբողջ աշխարհում նույն տենդենցն է, մնացել են տեղեկատվական այն կառույցները, որոնք ունենալով ստուգման ներքին մեխանիզմներ, նրանք քիչ թե շատ զերծ են ֆեյք նորություններից, օրինախախտումներից, եւ միայն կարգավորման մեխանիզմներն են հասարակության օրենսդիր եւ գործադիր մարմինների կողմից, որոնք թույլ են տալիս վերգետնյա հեռարձակողներին չվերածվել անվերահսկելի սոցիալական ցանցերի բովանդակությանը, ինչը շատ կարեւոր է։

Այդ առումով, մենք երեկ երեկոյան արդեն սկսեցինք խմբավորել այն հարցադրումները, որոնք այստեղ հնչեցին՝ եւ՛ հեռավոր մարզերում հեռարձակման առումով, եւ՛ գովազդի մտահոգությունները մենաշնորհի առումով, եւ՛ լիցենզավորման գործընթացը, եւ՛ հայրենական արտադրանքի տոկոսի, եւ՛ լեզվական անվտանգության եւ այլն։ Այդ ամբողջ խմբավորված, դասավորված հարցերով մենք կստեղծենք, եւս կվերանայենք մեր եւ՛ այս տարվա, եւ՛ 3-4 տարվա մեր ռազմավարական ծրագիրը եւ կսկսենք աշխատել։ Սա էր։

Միայն մի փոքր շտկում. երեկ ես բաց թողեցի այդ դիմում-բողոքների մասին հարցադրումը եւ խոստացա պատասխանել։

Պետք է ասեմ, որ այսօր այն ավանդական մոտեցումը դիմում-բողոքներին, որ կար նախկինում, մի քիչ հնացել է, որովհետեւ այսօր այն հարթակները, որոնցով տարբեր օղակների, նաեւ մեր հանձնաժողովի եւ մեր հասարակության միջեւ այդ հաղորդակցությունը կա, շատ տարաբնույթ են եւ արտահայտվում են ոչ միայն այդ գրավոր դիմում-բողոքներով։ Դա եւ՛ մեր ֆեյսբուքյան էջն է եւ՛ մեր կայքն է, եւ՛ հեռախոսազանգերն են եւ՛ մեր ամենօրյա շփումն է հասարակության բոլոր խավերի հետ։ Արդեն այսօր այդ դիմում-բողոքների հիման վրա շատ դժվար է կառուցել այն պատկերը, որը մտահոգում է հասարակությանը, որովհետեւ մենք միշտ խմբավորում ենք այդ դիմում-բողոքները։ Մի մասը, մենք այսպես ենք կոչում, մրցակցային բողոքներն են, երբ երկու ընկերություն, որոնք նույն արտադրությունով են զբաղվում, մեկը ներմուծում է նույն ապրանքը, մյուսն այստեղ ներքին արտադրություն ունի, նրանք շատ ժամանակ դիմումների բողոքներով փորձում են, հա՞, իրենց դիրքն ամրապնդել եւ մրցակցին նեղը գցել։

Կան դիմում-բողոքներ, որոնք իրավական գիտելիքների պակասից են։ Օրինակ՝ բողոքների տարափ կար, երբ մենք, պահպանելով հեռարձակողների հեղինակային իրավունքները, արգելեցինք կաբելային ցանցերում եվրոպական ֆուտբոլային հանդիպումների հեռարձակումը մարզերում եւ այլն։ Այսինքն՝ նրանք միշտ ուշադրության կենտրոնում են, սակայն, եթե մենք վերցնենք այդ բողոքների բովանդակությունը, ես չեմ կարծում, որ նրանք ինչ-որ բան մեզ տալիս են։

Եվս մեկ անգամ շնորհակալություն քննարկման համար։ Հավաստիացնում եմ, որ մենք պատրաստակամ ենք աշխատել։ Մենք եւս կարեւորում ենք այսպիսի հանդիպումները, հարց ու պատասխանը, որովհետեւ էլի գաղտնիք չի, որ հեռուստատեսային եւ ռադիոյի հանձնաժողովը լեգիտիմության, ազնվության, հա՞, որոշ պակասորդ ուներ այս տարիների ընթացքում, եւ մենք շատ ենք ուզում դա վերականգնել, որովհետեւ հասկանում ենք մեր կարեւորագույն դերը վերգետնյա հեռարձակողների կարգավորման գործում: Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Հակոբյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտեցինք։

Այժմ սկսում ենք Կառավարության կողմից ներկայացված «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյան։ Հրավիրում եմ ձեզ ամբիոնի մոտ, պրն Քոչարյան։

Հ.ՔՈՉԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, «Նույնականացման քարտերի մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հին նմուշի անձնագրի տրամադրման համար վերջնաժամկետ սահմանել 2021 թվականը՝ 2019 թվականի փոխարեն։

Առաջին ընթերցումից հետո պատգամավորներից առաջարկություններ չեն ստացվել, նոր առաջարկություններ Կառավարությունը եւս չունի։

Առաջարկում եմ օրինագծերն ընդունել երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Շնորհակալ եմ։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Քոչարյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Գրավոր առաջարկներ չեն եղել, հետեւաբար, հարցեր էլ չեն կարող լինել, բայց կարող ենք ունենալ ելույթներ։

Ելույթների համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։

Ելույթներ եւս չեն լինի։

Եթե անհրաժեշտություն կա, կարող եք եզրափակիչ ելույթով հանդես գալ։ Եզրափակիչ ելույթ եւս չի լինի։

Այժմ անցնում ենք քվեարկություններին, որոնք կավարտենք մեր քառօրյան, որն իրականում վեցօրյա էր։

Եվ այսպես, քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 115
Դեմ՝   0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 114
Դեմ՝   0
Ձեռնպահ՝ 0

Վարման կարգի վերաբերյա՞լ...

Այնտեղ ավելի կողմեր կան, խնդրում եմ գրանցեք։

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 116
Դեմ՝   0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Քվեարկություն։

Կողմ՝ 115
Դեմ՝   0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջեւ արձակուրդի եւ աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Քվեարկություն։

Կողմ՝ 116
Դեմ՝   0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանի կողմից ներկայացված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Վարման կարգի վերաբերյալ՝ Վահե Էնֆիաջյան։

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, Մարտի 1-ը ցավ է մեզանից բոլորի համար, մեր ազգի, մեր ժողովրդի համար։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներով բազմաթիվ առիթներ ենք ունեցել քննադատել եւ պահանջել, որպեսզի համակողմանի քննությունը տեղի ունենա խորքային ձեւով, եւ բացահայտվեն բոլոր մեղավորները։

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները եւ մեր հրապարակային ելույթները, մեկ անգամ եւս վերահաստատելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շատ լավ։ Քվեարկություն։

Կողմ՝ 117

Եվ, էլի, ոնց որ թե պատգամավորներից մի մասի մոտ կոճակներ չեն աշխատել։

Դեմ՝   0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 118
Դեմ՝   0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 117
Դեմ՝   0
Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Էնտեղ ավելացրեք, էլի։

Հերթական նիստերի օրակարգը սպառվեց։ Շնորհակալություն, ցտեսություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am