National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 28

11 դեկտեմբերի 2019

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ
 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ: Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում: Գրանցվել է 96 պատգամավոր, քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները: Մեզ մնացել է քննարկել եւ քվեարկել երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Քննարկում ենք այս փաթեթը: Հիմնական զեկուցող` Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան:

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-ԱԺ հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ըստ էության, երեկ պետաիրավական հանձնաժողովի նիստում վերախմբագրվել է նախագիծը, կոնցեպտուալ փոփոխությունների չի ենթարկվել: Այս առումով՝ ավելացնելու որեւէ նոր բան չունեմ: Երեկ հնարավորություն ունեցել ենք՝ մանրամասն քննարկելու: Այսքանը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկ է ներկայացրել, եւ հարցի իրավունք ունի: Հարց չունի պրն Հովակիմյանը, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն Բադասյան: Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանին:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: Ինչպես պրն Բադասյանը նշեց, երեկ հարցը երկրորդ ընթերցումից առաջ քննարկվել է պետաիրավական հանձնաժողովում, ներկայացվել է տեխնիկական առաջարկ պրն Հովակիմյանի կողմից, որն ընդունվել է: Ավելացնելու բան չունեմ:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ուրեմն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն Գրիգորյան: Մտքերի փոխանակություն. հերթագրում: Տարոն Սիմոնյան:

Տ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, երեկ ես Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովին էի, դրա համար պատիվ չեմ ունեցել մասնակցել ձեր բուռն քննարկումներին: Այսօր այդ առիթը կօգտագործեմ: Մեզ դպրոցում, կարծում եմ` բոլորիս սովորեցրել են, որ 2 գումարած  2 հավասար է 4, եւ ոչ 15, 28 կամ 151: Չնայած, որ մարդ կա, ով կարող է 1500-ի էլ հավասարեցնել: Նույն կերպ եւ այս նախագիծը որեւէ ձեւով չի նպաստում ՍԴ-ում ձեր ասած քաղաքական իշխանության կողմից բարձրացրած ճգնաժամի լուծմանը: Նախ` բազմիցս ասացին, որ նման ճգնաժամ գոյություն չունի, եւ ձեր կողմից ներկայացված խնդիրները որեւէ առնչություն չեն կարող ունենալ այս նախագծով լուծման հետ: Արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ ձեր նպատակների եւ ձեր ընտրած միջոցների միջեւ անդունդն անընդհատ մեծանում է, եւ դուք, ըստ էության, առաջարկում եք մի նախագիծ, համաձայն որի՝ խրախուսում եք, ինստիտուցիոնալ մակարդակի եք բարձրացնում եւ օրինականացնում եք անաշխատ եկամուտը:

Անձինք, ովքեր, ձեր կարծիքով՝ օրենսդրությունը խախտել են, ոտնահարել են Սահմանադրությունը, ձեր իսկ առաջարկությամբ, հարկատուների գրպանի հաշվին գնում են վաստակած հանգստի: Դուք այս նախագծով նրանց ուղարկում եք վաստակած երիտասարդությունը վայելելու՝ փոխարենը ստանալով քաղաքական ինչ-ինչ դիվիդենտներ: Այս նախագիծը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ սոցիալական տրամաբանություն ունի, եւ նման անտրամաբանական եղանակներով դուք չեք կարող ձեր առջեւ դրված խնդիրը լուծել: Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, եւ մենք, բնականաբար, դեմ ենք քվեարկելու:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ֆրակցիաների անունից ելույթներ: «Բարգավաճ Հայաստան»` Նաիրա Զոհրաբյան:

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված այս Էպոպեայի ողջ ընթացքում այդպես էլ որեւէ իրավական հիմնավորում չբերվեց, թե ինչու պետք է ՍԴ այս դատավորներն ուղարկվեն «վաստակած» հանգստի: Այո, այս նախագծով դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը, մարդկանց, ում համարում եք հանցագործ, այստեղ գնահատական հնչեց, որ նրանք հանցագործ են, նրանց պետք է այրել, նրանց պետք է գնդակահարել, այսինքն` մարդկանց, որոնք հանցագործ են, որոնք այս, այս, այս թվերին, ըստ ձեզ՝ կատարել են այս հանցագործությունները, դուք պարգեւատրում եք տարիներ շարունակ հսկայական գումարներով: Սա ալոգիկ է, սա տրամաբանական չէ, այստեղ իրավական որեւէ մոտիվացիա չկա, սա ամբողջապես քաղաքական պրեսինգ է, քաղաքական գործիք է մի կառույցի վրա, որի հետ իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել դուք չեք կարողանում, եւ, բնականաբար, գնում եք քաղաքական այս գործարքի ճանապարհով: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետն անփոփոխ է: Ողջ ընթացքում որեւէ իրավական հիմնավորում չի հնչել, հնչել է բացառապես քաղաքական հիմնավորում` դուք մեզ դուր չեք գալիս, դուք պետք է գնաք: Սա ժողովրդավար չէ, սա հակաժողովրդական է, սա հակասում է ձեր իսկ հռչակած Թավշյա հեղափոխության ժողովրդավարական արժեքներին, որ այլեւս որեւէ դատարանի վրա քաղաքական պրեսինգ չի լինելու, եւ ուստի, մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: «Բարգավաճ Հայաստանը»-ը քվեարկելու է դեմ:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-«Իմ քայլը» դաշինք` Լիլիթ Մակունց:

Լ.ՄԱԿՈՒՆՑ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն, խնդրում եմ մանիպուլյացիայով մի զբաղվեք: Երբեք ո՛չ այս ամբիոնից, ո՛չ որեւէ տեղից չի հնչել «դուք մեզ դուր չեք գալիս եւ դրա համար հեռացեք» արտահայտությունը: Չի եղել նման բան: Որեւէ մեկը «Իմ քայլը» խմբակցությունից չի հնչեցրել արտահայտություններ գնդակահարելու, այրելու, ինկվիզիցիայի ենթարկելու մասին: Չի եղել, մանիպուլյացիայի մի ենթարկեք: Չի եղել «Իմ քայլը» խմբակցության կողմից հանրային, հրապարակային, պաշտոնական, ոչ պաշտոնական որեւէ նման արտահայտություն: Փոխարենը մենք լսում ենք ԲՀԿ-ի կողմից ցանկացած փոփոխության գնալու մերժում, հրաժարում, թույլ չտալու, այսպես ասած, մոտեցումներ: Հիմա, ի՞նչ է նախատեսում այս նախագիծը: Մենք երբեւէ չենք նշել նաեւ, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման: Չի հնչել նման արտահայտություն: Մենք ասում ենք, որ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, եւ այս քայլը կարող է հանդիսանալ դրանցից մեկը: Այս նախագծով մենք առաջարկում ենք խորքային բարեփոխումներ իրականացնել համերաշխության մթնոլորտում, իսկ համերաշխությունը, ինչպես գիտենք, չի լինում միակողմանի: Համերաշխության գնում են երկու կողմերը համատեղ, եւ սա, այո, ձեռքսեղմման առաջարկի նախագիծ է, որով մենք գտնում ենք, որ կարող է մեկնարկ տրվել դատաիրավական համակարգում, տվյալ պարագայում՝ ՍԴ-ում խորքային փոփոխություններ, խորքային բարեփոխումներ իրականացնելուն: Սա է ամբողջ նպատակը, եւ այն, ինչ չի հնչել մեր կողմից, խնդրում եմ չվերագրել մեզ որեւէ պարագայում: Եթե կա ձեր դիրքորոշումը, խնդրում եմ ներկայացնել ձերը, բայց մեզ չվերագրել բաներ, որոնք մենք երբեւէ չենք ասել, չենք որդեգրել, եւ դա մեր քաղաքականությունը չէ:

«Իմ քայլը» խմբակցությունը երկրորդ ընթերցմամբ նույնպես կողմ է քվեարկելու նախագծին: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Եզրափակիչ ելույթներ: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյան:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Անաշխատ եկամուտի մասով, արդեն երեկ էլ նշվեց, մի քանի անգամ նշվել է, եւ ես կուզեմ, որ, ի վերջո, այս հարցին պատասխան տրվի: Գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասն արդեն իսկ նախատեսում է վաղ կենսաթոշակի կառուցակարգ, որն ասում է, որ 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո, 12 տարի պաշտոնավարած դատավորը, 12 տարին լրանալուց հետո, անկախ նրանից, թե իր ժամկետն ավարտվե՞լ է, թե՞ ոչ, կարող է գնալ վաղ կենսաթոշակի:

Ինձ հետաքրքրում է, թե այն ժամանակ, երբ ընդունվում էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, այս դրույթի վերաբերյալ, որ այս դրույթով խրախուսվում է անաշխատ եկամուտը, որեւէ քննադատություն այն մարդկանց կողմից կամ իրենց ֆրակցիայի գործընկերների կողմից այն ժամանակ եղե՞լ է, թե՞ չի եղել: Չի եղել: Եթե չի եղել, պրն Սիմոնյան, ես ձեզ չէի ընդհատում, եթե չի եղել, կարո՞ղ եմ ես կասկածել այժմ նույն տրամաբանությամբ բերված նախագծում այդ հանգամանքը բարձրացնելու ազնիվ մղումների վրա: Կարծում եմ` այո:

Երկրորդը. տիկին Զոհրաբյան, այն, որ դուք ամբիոնից հնչեցնում եք թեզեր, որոնք, ինչպես տիկին Մակունցը նշեց, երբեւիցե չեն հնչեցվել, դա վառ ապացույցն է նրա, որ մինչ այս գումարում ԱԺ-ը չի կարողացել բավականաչափ արժեւորել նախագծի հիմնավորումների ինստիտուտը, որովհետեւ իրավական ակտում ոչ միայն նախագիծն է կարեւոր, այլ, կարծում եմ` ոչ պակաս կարեւոր են հիմնավորումները, որովհետեւ հենց հիմնավորումներն են տալիս այն հարցի պատասխանը, թե ինչու է հատկապես այս կամ այն իրավական ակտն ընդունվում, եւ եթե այդ հիմնավորման մեջ տեղ գտնեին «այրել, դուք մեզ դուր չեք գալիս, դուք նախկին եք», եւ այլն, ես կհասկանայի` ինչի՞ն եք դուք հակադարձում: Տվյալ դեպքում դուք հակադարձում եք մեր հարգելի գործընկերոջ՝ պրն Բաբաջանյանի ասածներին, ով «Իմ քայլը» խմբակցության անդամ չէ, իրավական ակտի նախագծի հեղինակը չէ, ուստի, հիմնավորումների մասով չպետք է հակադարձի բերված նախագծին այդ մասով, ինչպես եւ մնացած մասերով: Հակադարձեք հիմնավորման մեջ առաջ քաշված թեզերին: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը. Ռուստամ Բադասյան՝ արդարադատության նախարար:

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Նորից՝ կենսաթոշակի հետ կապված. ընդհանրապես կենսաթոշակի իմաստն այն է, որ անձը ստանում է դա որոշակի վաստակի, որոշակի ճանապարհ անցնելու, իրադարձության վրա հասնելու պահից սկսած: Բնականաբար, ենթադրվում է, որ այդ ընթացքում չի աշխատելու, երբ ստանալու է կենսաթոշակ, եւ, կրկին, գործող  88-րդ հոդվածի խմբագրությամբ` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի խմբագրությամբ նախատեսվում է վաղ կենսաթոշակի ինստիտուտը Սահմանադրական դատարանի դատավորների համար, իհարկե, որոշակի պայմաններ են առաջադրվում` 12 տարի եւ այլն, որոնց մեծ մասը համապատասխանում է, այսինքն` այս պահին, ում որ մենք առաջարկում ենք վաղ կենսաթոշակ` աշխատավարձին հավասարեցված պայմաններով, իրենք ունեն նույն հնարավորությունը՝ առանց աշխատավարձին հավասարեցնելու հնարավորության: Հետեւաբար՝ եթե այս պահին այդ փաստարկը հնչում է, այդ փաստարկը պետք է հնչեր նաեւ նախկինում: Ամեն դեպքում, վաղ կենսաթոշակի մասով՝ կամավոր վաղ կենսաթոշակի, նոր պայմաններով կամավոր վաղ կենսաթոշակի ինստիտուտը նաեւ որոշակի անցումային շրջանի խնդիրները լուծելու ճանապարհ է եւ կիրառվել է բազմաթիվ երկրներում, որտեղ ունեցել ենք նույն անցումային շրջանները, այսինքն` պետությունն ի սկզբանե ընտրում է տարբեր մեխանիզմներ: Մեխանիզմը կարող է լինել, անունը կարող է լինել վեթինգ, անունը կարող է լինի background check, անունը կարող է լինել բարեվարքության կանոնների ստուգում, կարող են ձեւավորվել մշտական հանձնաժողովներ, կարող են ձեւավորվել ժամանակավոր հանձնաժողովներ: Մենք չենք գնացել այդ ճանապարհով, մենք չենք ձեւավորել մի հանձնաժողով, որը դատական համակարգից դուրս կլինի եւ կհսկի դատական համակարգը, դատական համակարգում, էսպես կոչված, զտում կանի: Մենք ասել ենք` եկեք գնանք կարգապահական պատասխանատվության մեխանիզմների կատարելագործման, եւ ապահովենք, որպեսզի այդ գործառույթն իրականացվի դատական համակարգի ներսում, այսինքն` մի պայմաններում, որտեղ մեծամասնությունը կկազմեն դատավորները եւ դատական իշխանությանը միջամտություն չի լինի: Վաղ կենսաթոշակը երկրորդ բանն է, որ պետությունները դիտարկում են, այսինքն` հեշտ լուծման գնալու ճանապարհ է, եւ այո, սա ձեռքսեղմման առաջարկ է, որը մենք անում ենք, եւ ակնկալում ենք նման ճանապարհով մեկ քայլով, ինչպես նշեց տիկին Մակունցը, առաջին քայլով որոշակի առումով լուծել ստեղծված ճգնաժամը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հարցի քննարկումն ավարտվեց: Այժմ, պետք է քվեարկենք: Վարման կարգով` Լիլիթ Մակունց:

Լ.ՄԱԿՈՒՆՑ

-Շնորհակալություն: «Իմ քայլը» խնդրում է 20 րոպե ընդմիջում:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ընդմիջում 20 րոպե:

ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, զբաղեցնենք տեղերը, նիստը սկսվում է: Պետք է քվեարկություն ունենանք, բայց վարման կարգի վերաբերյալ` Միքայել Մելքումյան:

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ցավոք սրտի, այս օրենսդրական նախաձեռնության երեկվա ամբողջ քննարկումը գնաց այն ուղղությամբ, որ ովքեր կողմ չեն, նրանք երկրի զարգացմանը դեմ են: Ես կարծում եմ, որ սա, բնականաբար, չի կարող ճիշտ եւ ճշմարտացի լինել, որովհետեւ այլակարծությունը մերժելը քաղաքական մեծամասնության կողմից դրվել է կամ դրվում է արդյունաբերական հիմքերի վրա, նույնը՝ մանիպուլյացիոն քաղաքականություն իրականացնելը: Մենք կարծում ենք, որ այս թեզը ճիշտ չէ, որ նպաստ տալ 7 հոգու, նպաստ կամ անաշխատ եկամուտ, ոնց ուզում եք՝ համարեք, չի կարող երկրի զարգացման համար հիմնարար դրույթ լինել: Այսինքն` եթե մենք դեմ ենք դրան, դա չի նշանակում, որ երկրի զարգացմանը դեմ ենք, եւ ձեր կողմից օրենքների նախագծերի հախուռն մերժումը չուտ լի նե դուք դնում եք սա չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմքերի վրա: Մենք, միանշանակ, դեմ ենք սրան: Չի կարող այսպիսի անհեռանկար գործիքը լինել երկրի զարգացման հիմք: Հակառակը, սա կարող է խարխլել երկրի պետականության հիմքերը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վարման Կարգի վերաբերյալ` Տարոն Սիմոնյան:

Տ.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես ցավում եմ, որ չեք հետեւել նաեւ մեր փորձագիտական հայտարարություններին մինչեւ պատգամավոր դառնալը, այդ շրջանակներում բազմիցս քննադատել ենք թե՛ Սահմանադրական փոփոխությունները, թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, իսկ ձեր կողմից նշված 88-րդ հոդվածը սահմանում է սոցիալական երաշխիքներ:

Ձեր կողմից ներկայացված նախագիծը որեւէ կապ չունի սոցիալական երաշխիքների հետ, որովհետեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածը նվազագույնը 12 տարվա ծառայություն կամ հանրային ծառայություն զբաղեցրած անձին է տալիս համապատասխան երաշխիք: Ձեր կողմից ներկայացրածը նաեւ հնարավորություն է տալիս 1-2 տարի աշխատած դատավորին, նվազագույնը 2 տարի աշխատած դատավորին գնալ վաստակած հանգստի, եւ ի՞նչն է կարեւորը` հարկատուի հաշվին: Սա անընդունելի է:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ սենց անել. վարման կարգի վերաբերյալ 2 ֆրակցիաներից խոսեցին, մի ֆրակցիայից էլ ուզում են, այդքանով սահմանափակվենք, թե չէ՝ նորից կընկնենք մտքերի փոխանակման փուլ:

Սուրեն Գրիգորյան` վարման կարգի վերաբերյալ:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Ես նախագծերի հախուռն մերժման մասին ասեմ: Արդեն մի անգամ վիճակագրությունը հրապարակվել է, կարծում եմ` քանի որ տարին ամփոփում ենք, արժե, որ մի անգամ էլ հրապարակվի, թե, ի տարբերություն նախորդ գումարումների, ընդդիմության կողմից ներկայացված, տոկոսային հարաբերակցությամբ, ինչքան նախագծեր են այս գումարման ԱԺ-ում ընդունվել, եւ գնահատենք, թե արդյո՞ք դա կարելի է գնահատել, որպես հախուռն մերժում:

Պրն Սիմոնյան, նաեւ ձեր ասածի մասով: 12 տարի որպես դատավոր, պաշտոնավարած անձին տրվում են երաշխիքներ, որը բովանդակային առումով, այո, վաղ կենսաթոշակ է, որովհետեւ նախատեսում է թոշակի անցում մինչեւ ժամկետի ավարտը, եւ երբ ես խոսում էի քննադատության մասին, ես չէի խոսում նրա մասին, որ դուք չեք քննադատել Սահմանադրական փոփոխությունները: Ես ասում էի, որ հատկապես այս փաստարկներն այս դրույթի մասով այն ժամանակ ձեր կողմից եւ ձեր գործընկերների կողմից, ովքեր այն ժամանակ պատգամավոր էին, չեն հնչել:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վարման կարգի վերաբերյալ մնացած ելույթները քվեարկությունից հետո, անպայման, կլսենք: Ուզում եմ հիշեցնել, որ քվեարկվող նախագիծը Սահմանադրական օրենքի նախագիծ է, ուստի, այն պետք է ընդունենք պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Այսպես. քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն: Դահլիճում ներկա պատգամավորներից`

Կողմ` 75
Դեմ` 34

Ձեռնպահ` 0 գումարած գործուղման մեջ գտնվող 7 պատգամավորների քվեարկությունները. Ռուբեն Ռուբինյանը, Եղիշե Սողոմոնյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տիգրան Ուլիխանյանը, Արտակ Մանուկյանը, Վարդան Աթաբեկյանը եւ Երջանիկ Հակոբյանն իրենց գրավոր քվեարկությամբ ծրարով թողել են կողմ քվեարկություն:

Որոշումն ընդունվել է:

Հերթական նիստերի օրակարգը սպառվեց: Հիմա կլսենք վարման կարգի վերաբերյալ ելույթները: Ախր, դուք դահլիճում չէիք, տիկին Զոհրաբյան, ո՞նց եք դեմ քվեարկություն գրանցել տալիս: Ուզում եմ հիշեցնել, որ ամսի 12-ին, ժամը 11-ին արտահերթ նիստ ունենք:

Վարման կարգի վերաբերյալ` Գեւորգ Պետրոսյան:

Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Շնորհակալ եմ: Հարգելի գործընկերներ, ի սկզբանե ասեմ. որեւէ մեկին վիրավորելու ո՛չ նպատակ ունեմ, ո՛չ իրավունք, բայց, գիտեք ինչ, այդ «մանիպուլյացիա» բառը որոշ մարդիկ սարքել են Տերունական աղոթքի նման բան: Ընդդիմությունն ի՞նչ խոսում է, ասում եք` մանիպուլյացիա եք անում: Բա ի՞նչ անենք (ծիծաղ դահլիճում), դուք ոն՞ց եք պատկերացնում, ի՞նչ խոսում ենք, ասում եք` մանիպուլյացիա է: Այսինքն` էս ի՞նչ է, մնջախաղի թատրո՞ն է, ի՞նչ է, ձայն չհանենք, ձեռքերով, չգիտեմ` նշաններ ցույց տա՞նք: Անհարմար է, եկեք իրար նկատմամբ այդ հարգանքը չկորցնենք: Դուք ձեր կարծիքն եք ասում, մենք էլ` մերը: Պրն Միրզոյան,տենց չէ՞: Բա Սահմանադրության 96 հոդվածն ո՞ւր մնաց, որ քվեարկելու եւ կարծիք արտահայտելու ժամանակ պատգամավորը ղեկավարվում է իր խղճով, համոզմունքով: Նորից եմ ասում, ինչ ասում ենք, ուրիշ հիմնավորում չկա, ասում եք` սա մանիպուլյացիա է: Մանիպուլյացիան այն է, որ այստեղ ձեւախեղվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88 հոդվածի 4-րդ մասը, որտեղ կոնկրետ հիմքեր են նախատեսվում առողջական վիճակի հետ կապված հրաժարականի դեպքում, իսկ այստեղ առողջական վիճակի մասին որեւէ խոսք չկա: Սա քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, նիստն ավարտված չէ: Վարման կարգի վերաբերյալ` Շաքե Իսայան:

Շ.ԻՍԱՅԱՆ

-Շնորհակալություն: Քանի որ երեկ այս մասին խոսելու հնարավորություն չեղավ եւ քանի որ այս դահլիճում մենք շատ ենք խոսում արդարության եւ ոչ խտրական վերաբերմունքի մասին, ես ուզում եմ՝ մեկ բան մենք հստակ ֆիքսենք. պրն Միրզոյան, ի պատիվ ձեզ, մինչեւ երեկվա քննարկումները դուք կարողացել էիք լինել 3 խմբակցությունների ԱԺ նախագահը, բայց թույլ տվեք ֆիքսել, որ երեկ ՍԴ դատավորների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ դուք հանդիսացաք միայն «Իմ քայլը» խմբակցության ԱԺ նախագահը:

Երկրորդ. ես ուզում եմ դիմել ՀՀ հայրենակիցներին եւ իրազեկել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել մի օրինագծի, որը նախատեսում է ձեր գրպանից տարեկան 630 միլիոն դրամ հատկացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ով այդքան շահարկված հին ռեժիմի անմիջական կերտողներից է, եւ ՍԴ մյուս դատավորներին` պարզապես տեղերում հանգիստ նստելու համար:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Նիստն ավարտված է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am