Ապրիլի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսին:
Զրույցի ընթացքում ԱԺ նախագահը վերահաստատեց ԵԱՀԿ շրջանակներում ստանձնված բոլոր հանձնառությունները` անվտանգության բոլոր հարթություններում: Նա բարձր գնահատեց այդ հանձնառությունների կատարման գործում ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի եւ այլ գործադիր կառույցների ներդրումը: Պրն. Աբրահամյանն ընդգծեց, որ այդ կառույցները պետք է շարունակեն ուշադիր հետեւել եւ արձագանքել Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության կարիքներին:
Հայոց խորհրդարանի նախագահն, անդրադառնալով ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ ստորագրվող Համագործակցության հուշագրին, այն գնահատեց որպես հաջող համագործակցության եւս մեկ օրինակ, որը թույլ է տալու հզորացնել խորհրդարանի կարողությունները:
Զրույցից հետո, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը ստորագրեցին Համագործակցության հուշագիր:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԵՎ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը (այսուհետ՝ Ազգային ժողով) մի կողմից եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը (այսուհետ՝«ԵԱՀԿ») մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր,
ընդունելով Հայաստանում ներկայացուցչական ժողովրդավարության նոր որակ, ուղղություններ ու շրջանակներ ստեղծելու ընդհանուր նպատակները,
հետամուտ լինելով իրենց համատեղ գործողություններում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի, միջազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի, ներառյալ` ԵԱՀԿ սկզբունքների ու պարտավորությունների պահպանման պահանջին,
որոշելով նպաստել Հայաստանում Ազգային ժողովի գործունեության հետագա ժողովրդավարացմանն ու հզորացմանը`
ամրապնդելու վերջինիս ինստիտուցիոնալ, մարդկային եւ տեխնիկական կարողություններն ու ներուժը,
աջակցելու թափանցիկ գործընթացների ու ընդունված միջազգային չափորոշիչների հիման վրա ժողովրդավարական որոշումների կայացմանը, եւ
խթանելու կառավարման համակարգի արդյունավետությունը, ինչը կնպաստի օրենքի գերակայության հաստատմանը,
համաձայնեցին հետեւյալի շուրջ.
1. Կողմերը կհամագործակցեն` օրինաստեղծ գործընթացների արդյունավետությունը, թափանցիկությունն ու համապարփակությունը բարելավելու ուղղությամբ` հիմնվելով կարիքների անկախ գնահատման արդյունքների վրա եւ դրանցից բխող առաջարկություններին համապատասխան:
2. Կողմերը կխթանեն օրենսդրական գործընթացի թափանցիկությունն ու տեղեկատվության մատչելիությունը:
3. Կողմերը, համաձայնվելով, որ համապարփակությունը ժողովրդավարական օրինաստեղծ գործընթացների հիմնաքարերից է, կմշակեն այնպիսի ինստիտուցիոնալ կառուցակարգեր, որոնք կուժեղացնեն քաղաքացիական հասարակության մասնակցությունն օրենքների մշակման գործընթացում:
4. Կողմերը կհամագործակցեն` Ազգային ժողովի աշխատակազմում մասնագիտական ունակությունների, մասնավորապես` վերլուծական, հետազոտական եւ նախագծերի պատրաստման հմտությունների հետագա կատարելագործման ուղղությամբ` տարբեր ուսուցողական ծրագրեր անցկացնելու միջոցով:
5. Կողմերը կհամագործակցեն` իրականացնելու համատեղ գործողություններ, որոնք կներառեն ԵԱՀԿ գործունեության երեք ուղղությունները (ռազմաքաղաքական, տնտեսական եւ բնապահպանական, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն)` ի նպաստ պառլամենտարիզմի եւ խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդման:
6. ԵԱՀԿ-ն Ազգային ժողովի առաջարկությամբ կամ վերջինիս համաձայնությամբ, աջակցություն կցուցաբերի` տրամադրելով օրենքների եւ Ազգային ժողովի իրավասության շրջանակներում ընդունվող այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքներ:
7. ԵԱՀԿ-ն հնարավորինս կփորձի Ազգային ժողովին, դրա մարմիններին եւ Ազգային ժողովի աշխատակազմին տրամադրել տեխնիկական, կրթական, տեղեկատվական, վարչարարական եւ այլ աջակցություն կամ կնպաստի այլ աղբյուրներից համապատասխան աջակցության տրամադրմանը:
8. Կողմերը կձգտեն կնքել համաձայնագրեր հատուկ ծրագրերի շուրջ:
9. Կողմերը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հետ համագործակցությամբ, կզարգացնեն ու կխորացնեն Ազգային ժողովի եւ (կամ) դրա մարմինների, Ազգային ժողովի աշխատակազմի ու ԵԱՀԿ գործունեության տարածքում նմանատիպ խորհրդարանական կառույցների եւ դրանց աշխատակազմերի միջեւ կապերը եւ համագործակցությունը:
10. Անհրաժեշտության դեպքում, ԵԱՀԿ-ն հնարավորինս կփորձի նպաստել ԵԱՀԿ կառույցների մասնակցությանը եւ (կամ) ներգրավվածությանը Ազգային ժողովի հետ համաձայնեցված համատեղ գործողություններում, նախաձեռնություններում եւ ծրագրերի կազման եւ (կամ) իրականացման գործում:
11. Կողմերը պարբերաբար կփոխանակեն համապատասխան տեղեկատվություն եւ հրապարակված նյութեր, որոնք վերաբերում են սույն Համագործակցության հուշագրի (այսուհետ՝ «Հուշագիր») առարկային:
12. Սույն Հուշագրով չեն բացառվում ԵԱՀԿ-ի եւ (կամ) նրա աշխատակիցների արտոնությունները կամ անձեռնմխելիությունը:
13. Սույն Հուշագրի դրույթների կիրառման եւ մեկնաբանման հետ կապված Կողմերի միջեւ ծագած տարաձայնությունները լուծվում են բանակցությունների եւ համատեղ խորհրդակցությունների միջոցով:
14. Կողմերի միջեւ փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կամրագրվեն առանձին Արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ կմտնի սույն Հուշագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով եւ կհանդիսանա սույն Հուշագրի բաղկացուցիչ մասը:
15. Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից եւ գործում է չորրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ժամանակահատվածում:
16. Կողմերից յուրաքանչյուրը միակողմանիորեն կարող է դադարեցնել սույն Հուշագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցմամբ տեղեկացնելով ոչ ուշ, քան երեսուն (30) օրացուցային օր առաջ:
17. Հուշագրի դադարեցումը չպետք է ազդի դրա գործողության ընթացքում սկսված ծրագրերի վրա, եթե Կողմերն այլ համաձայնության չեն եկել:
18. Սույն Հուշագիրը կազմված է Երեւան քաղաքում 2009 թվականի ապրիլի 15-ին, երկու օրինակից` հայերեն եւ անգլերեն լեզուներով, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր Կողմին տրվում է հայերեն եւ անգլերեն լեզուներով մեկական օրինակ:
19. Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների առաջ գալու դեպքում հիմք է ընդունվում անգլերեն լեզվով ստորագրված բնագիր տեքստը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից` ՀայաստանիՀանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյան
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անունից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոս