Ապրիլի 27-ին «Լոռու զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության սաները հյուրընկալվեցին Ազգային ժողովում: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ պատգամավոր Հրանտ Այվազյանը նրանց ուղեկցեցին եւ ծանոթացրին օրենսդիր մարմնի աշխատանքներին:
Էդմոն Մարուքյանը, կարեւորելով խորհրդարանի դերը մեր երկրում, նշեց, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, եւ այստեղ է հիմքը դրվում պետության բոլոր կարեւոր որոշումների:
Հրանտ Այվազյանի խոսքով՝ երիտասարդությունն է մեր ներկան, եւ նրանք արդեն իրենց ներդրումն ունեն մեր երկրի ապագան կերտելու մեջ:
Հյուրերը պատգամավորներին ուղղեցին հարցեր, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, առողջապահությանը, արտահերթ ընտրություններին եւ անգամ Վանաձոր քաղաքի լուսավորությանը:
Մարզի ներկայացուցիչները շրջայց կատարեցին խորհրդարանի շենքում, եղան թանգարանում եւ գրադարանում, խմբակցության աշխատասենյակում զրուցեցին պատգամավորների հետ, իսկ վերջում ճաշեցին խորհրդարանի բուֆետում: