Խորհրդարանը հունիսի 4-ի արտահերթ նիստում քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Տաթեւիկ Բարսեղյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրական տվյալները եւ մասնագիտական հմտությունները ներկայացրեց ԱԺ պատգամավոր, մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյանը:
Առաջադրված թեկնածու Տաթեւիկ Բարսեղյանը վստահեցրեց, որ հակակոռուպցիոն ոլորտում իր գիտելիքները, փորձը եւ կապերը կներդնի առկա խնդիրների հաղթահարման համար: Նա նշեց, որ հանձնաժողովը գործունեության ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարել՝ իրականացնելով ՀՀ օրենքներով սահմանված գործառույթներ: Բարսեղյանը, ներկայացնելով տվյալներ, նշեց, որ «Թրանսփարենսի Ինտերնեշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թ. ցուցանիշներով Հայաստանն ունի 47 միավոր, որը երբեւէ գրանցված ամենալավ արդյունքն է: Սա հնարավոր է եղել արձանագրել աղետալի պատերազմի ու համավարակի պայմաններում: Թեկնածուն համոզված է, որ մեր երկիրը կոռուպցիան նվազեցնելու եւ կանխարգելելու հարցում ունակ է շատ ավելի շոշափելի արդունքներ գրանցելու:
«Ընտրվելու պարագայում ջանք չեմ խնայելու այդ նպատակին հասնելու համար: Գործելու եմ անաչառ, անկողմնակալ, պատասխանատու, քաղաքական չեզոքության, թափանցիկության եւ հաշվետվողականության չափանիշներին համապատասխան»,-ասաց Տաթեւիկ Բարսեղյանը:
Նա կարեւորեց համագործակցությունը հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների եւ առանձին փորձագետների հետ: Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու հարցում թեկնածուն արժեւորեց հակակոռուպցիոն կրթությունը, պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների եւ հասարակության իրազեկումը: Առաջնահերթությունների շարքում ընդգծվեց հանրային ծառայողների վարքագծի կանոնների մշակումն ու ընդունումը, գործնական կիրառության եւ վերահսկողության մեխանիզմների ներդնումը: