Հունիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ` 2020-ի ընթացքում պետական բյուջեից կատարվել են շուրջ 472 մլն դրամ ծախսեր` ապահովելով ծրագրված ցուցանիշի 91.7 տոկոսը: Հատկացված միջոցներն ուղղվել են 2 ծրագրերի իրականացմանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի աշխատակազմի եկամուտների ու ծախսերի տարեկան կատարողականը:
Նշվեց, որ նախորդ չորս-հինգ տարիների համեմատ` աշխատանքների ծանրաբեռնվածությունն աճել է շուրջ երեք անգամ: Երեք-չորս անգամ աճել են նաեւ թեժ գծին ուղղված զանգերը:
Արման Թաթոյանը կարեւոր ուղղություններից համարեց սոցիալական իրավունքների պաշտպանության ապահովումը` նշելով, որ ոլորտը կատարելագործելու համար շարունակական քայլերի անհրաժեշտություն կա: Խոսելով միասնական սոցիալական ծառայության մասին` նա նշեց, որ այն դեռեւս լիարժեք չի գործում:
Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանությանը Զինված ուժերում` զեկուցողն ասաց, որ կատարվել է ծավալուն աշխատանք. մշակվել են հատուկ զեկույցներ: Նա առանձնացրեց զինծառայողների սոցիալական ապահովության իրավունքների, բժշկական ծառայության հետ կապված հարցերը:
Արման Թաթոյանն առանձնացրեց կանանց, գործարարների իրավունքների, սահմանամերձ շրջանների քաղաքացիների պաշտպանության հարցերը, որոնց ուղղությամբ կառույցը եւս իրականացնում է աշխատանքներ:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց պարզաբանումներ արդյունքային ցուցանիշների, ռեսուրսների հետ կապված խնդիրների վերաբերյալ: