Սեպտեմբերի 14-ի ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ընթացքում տեսակետներ ներկայացրին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթում Հայկ Մամիջանյանը նշեց, որ խոսքը չի վերաբերելու առաջադրված դատավորների թեկնածուների մասնագիտական ունակություններին, եւ հետագայում նրանցից ակնկալում է, որ նրանք կգործեն բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Նա անդրադարձավ Գեւորգ Նավոյանի քրեական գործին եւ այդ գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելու պատմությանը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արծվիկ Մինասյանը նշեց, որ պետք է կամք եւ վճռականություն ունենալ զերծ պահելու դատական իշխանությունը քաղաքական ճնշումներից: Ըստ խմբակցության քարտուղարի՝ խմբակցության անդամները հանդիպել են առաջադրված երեք թեկնածուների հետ, եւ թեկնածուների ընտրության հարցում ազատ մասնակցելու որոշում է կայացվել:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջադրված թեկնածուները համապատասխանում են այն չափանիշներին, որոնք սովորաբար ներկայացնում է Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ցուցակի ընտրության ժամանակ: Վլադիմիր Վարդանյանը կարեւորեց դատավորի զսպվածության խնդիրը՝ ընդգծելով, որ դատավորը չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին: Նրա խոսքով՝ ունենք դատավորներ, որոնք կարող են եւ պարտավոր են կերտել անկախ Հայաստանի անկախ դատական համակարգը:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրվում է գաղտնի քվեարկությամբ պատգամավորների թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության կարգը եւ վայրը:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն` վերջին հիմնական նիստում պատգամավորները հանդես եկան մինչեւ երեքական րոպե հայտարարությամբ: