Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը:
Ջեյմս Դե Ուիթի ներկայացմամբ՝ ՄՀԻ-ն Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցելու մի շարք իրատեսական ծրագրեր ունի: Պատվիրակության ղեկավարը խոսել է հանձնաժողովների փորձագետների դասընթացների, աշխատակազմի շարունակական վերապատրաստմանն ու աշխատանքային կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին: Քննարկվել են հեռանկարային համագործակցությանը վերաբերող հարցեր:
Թագուհի Թովմասյանն արժեւորել է ՄՀԻ-ի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված ջանքերը: Երկուստեք կարեւորվել է օրենսդրական գործընթացում համագործակցության անհրաժեշտությունը, հստակեցվել է օրենսդրական նախաձեռնությունների մշակման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման հնարավորությունների շրջանակը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկելու հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների լուծմանը նպաստող համապատասխան ծրագրեր: