Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել է շուշեցի հայ ճարտարապետների գործերի ցուցադրությունը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:
Ներկայացված պատկերները փաստում են, որ հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք ու վերածվել Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:
Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: «Սրանով մենք ուղերձ ենք հղում, թե ով ենք մենք որպես ժողովուրդ, եւ ովքեր են ադրբեջանցիները, որոնք շարունակում են պատերազմից հետո ոչնչացնել մեր պատմամշակութային կոթողները: Այդ քայլերի մեր հակաքայլը ձեր մայրաքաղաքում կանգնած այն շենքերն են, որոնք հեղինակել են հենց նույն շուշեցի ճարտարապետները»,- ասել է Թագուհի Թովմասյանը:
Ցուցադրությանը ծանոթացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ հայ ճարտարապետների ջանքերով ստեղծվել է ադրբեջանական ճարտարապետական ոճը, որը մինչ այդ գոյություն չի ունեցել: