ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը մարտի 15-ին հրավիրված ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնական նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիության ապահովումը: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում կկանխվեն առանց լիզինգատուի համաձայնության լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի լիզինգի առարկայի վերադարձելիությունը:
Գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: Օրենքների նախագծով սահմանվում է դիսպոզիտիվ կարգավորում՝ լիզինգառուին հնարավորություն տալով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ՝ այսպիսով նվազագույնի հասցնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը:
Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը, կարեւորելով ներկայացվող նախագիծը, կոչ է արել կողմ քվեարկել:
Քվեարկության արդյունքում օրեսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: