«Քաղաքաշինության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով գործադիրը կարգավորում է տարածական պլանավորման փաստաթղթերի առկայության դեպքում համայնքի լիազորությունները, պարտականություններն ու քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի հետ իրավահարաբերությունները, ինչպես նաեւ ապահովում է ծրագրվող քաղաքաշինական գործունեության միջոցով մարդու կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը հանրության մասնակցությունը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի խոսքով՝ տարածական պլանավորման փաստաթղթերը ոլորտի գործունեությունը կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը կտրամադրվեն բնագավառի լիազոր մարմնի կողմից:
Նախաձեռնությամբ հստակեցվում է քաղաքաշինական գործունեության համար առանձնացված հատուկ կարգավորման օբյեկտների ցանկը՝ ներառելով միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից տարածքները:
Զեկուցողի տեղեկացմամբ՝ նախագիծը շրջանառվել է գերատեսչությունների կողմից, ստացվել են առաջարկներ, որոնց հիման վրա այն լրամշակվել է:
Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունիսի 14-ի ԱԺ նիստում: