Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման նպատակով անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գործարքների հարկման նվազագույն բազաների որոշման կանոններից որոշ բացառություններ նախատեսելուն: Առաջարկվում է վերոնշյալ գործարքների հարկման բազաները որոշել փաստացի կատարվող գործարքների գներով: Խոսքը վերաբերում է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատված արժեքի 80 տոկոսի հիման վրա հարկում իրականացնելուն:
Առաջարկվում է նվազագույն բազային որոշման կանոնը՝ ե՛ւ ԱԱՀ-ի, ե՛ւ շահութահարկի իմաստով չտարածվի բանկի կամ վարկային կազմակերպության կողմից իրականացվող գույքի օտարման այն գործարքների նկատմամբ, որոնց օբյեկտը, առարկան ժամանակին որպես գրավի առարկա՝ բանկին կամ վարկային կազմակերպությանը հանձնվել է մինչեւ 2019 թ. նոյեմբերը՝ Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքի ընդունումը:
Կարգավորմամբ հետադարձ օտարման գործարքի նկատմամբ եւս շահութահարկով հարկման բազայի որոշման նվազագույն կանոնը չի կիրառվի՝ պայմանով, եթե այդ գույքը հետադարձ վաճառքի շրջանակում նախկին սեփականատիրոջը կամ նրա իրավահաջորդին փոխանցվում է մեկ տարվա ընթացքում: Լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակում լիզինգատուի կողմից լիզինգառուին անշարժ գույքի միավորների օտարման գործարքների նկատմամբ եւս այս սահմանափակումները չկան:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ եթե ներդրում է կատարվում, ընկերությունը կայանում ու զարգանում է, հետագայում վաճառք է իրականացնում, ապա ե՛ւ ոչ ռեզիդենտ, ե՛ւ ռեզիդենտ կազմակերպությունների դեպքում հարկում չի կատարվելու: «Եթե վաճառքը ներդրումից երեք տարի հետո է կատարվում, ապա ո՛չ ռեզիդենտն է հարկվում իր արժեքի հավելաճից, ո՛չ էլ ոչ ռեզիդենտը, բայց երբ վաճառքը կատարվում է երեք տարին չլրացած ժամանակահատվածում, երկուսն էլ հարկվում են նույն 18 տոկոս դրույքաչափով»,- ասել է փոխնախարարը:
Եթե լիզինգային ընկերությունը գույքը ձեռք է բերում ֆիզիկական անձից հետագայում մեկ այլ անձի լիզինգով տրամադրելու նպատակով, ապա ձեռքբերման ժամանակ եկամտային հարկը չի գործելու: ԱԱՀ-ից ազատվում է լիզինգային պայմանագրի շրջանակում լիզինգատուի կողմից ԱԱՀ-ից ազատմամբ ներմուծված միայն այն ապրանքների լիզինգով տրամադրումը, որոնց գնորդը (լիզինգառուն) համարվում է ԱԱՀ վճարող:
Հարկային եւ քաղաքացիական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առաջին ընթերցումով քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում:
Պատգամավորները հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձել են գույքի կադաստրային արժեքի եւ բանկի գնահատած ու մոտարկված արժեքների տարբերություններով պայմանավորված խնդիրներին, շուկայական արժեքի տատանումներին եւ այլն:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն աշխատանքային քննարկումներ՝ փաթեթը լրամշակելու նպատակով: