Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մի քանի խմբագրական ու տեխնիկական բնույթի փոփոխություններ են տեղի ունեցել: Նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
«Նախագծի փոփոխությունները չորս հիմնական ուղղությամբ էին, որոնցից մեկը վերաբերում էր ներառական կրթության կարգավորումներին, մյուսը` նախադպրոցական մանկավարժների վերապատրաստումներին, երրորդը` ղեկավարման իրավունքի հավաստագրի ստացմանը եւ վերջինը` նախադպրոցական ծառայությունների իրականացնող կազմակերպությունների լիցենզավորմանը: Առաջարկները հիմնականում ընդունվել են, 8-րդ հոդվածում մի կետ է ավելացվել ու հղում տրվել «Հայաստանի Հանրապետության հանրակրթության մասին» օրենքում առկա կարգավորումներին»,- իր խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու նպատակն է Պարեկային ծառայության կազմում մասնագիտացված ջրային ստորաբաժանում ստեղծելն ու դրա համար օրենսդրական անհրաժեշտ նախադրյալներ ապահովելը: Նախագիծը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
«Առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում հստակ նշել այն լիազորությունները, որոնք ոստիկանությունը կունենա այսպիսի ոլորտում հսկողություն իրականացնելիս: Առաջինից երկրորդ ընթերցման շրջանակում Կառավարության կողմից տեխնիկական փոփոխություններ են առաջարկվել, որոնք ընդունելի են եղել գերատեսչության համար»,- նշել է Արփինե Սարգսյանը:
Կամավոր աշխատանքի դրույթները սահմանելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություններ է կատարել «Կամավոր աշխատանքի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում: Նախագծերի փաթեթը ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, որը հայտնել է, որ նման կարգավորումներ դեռ չեն եղել:
«Սույն նախագծով սահմանվել են այն կառույցները, որոնք կարող են ներգրավվել կամավորներ: Դրանք են` պետական կառույցները, շահույթ չհետապնդող կառույցներն ու շահույթ հետապնդող այն կառույցները, որոնց 100 տոկոսանոց սեփականատերը պետությունն է: Կամավոր աշխատանք իրականացնելու իրավունք ունի յուրաքանչյուր քաղաքացի` առանց որեւէ տարիքային սահմանափակման: Կան առանձին կարգավորումներ` կապված մինչեւ 16 տարեկաններին` կամավորական աշխատանքներին ներգրավվելու մեջ եւ կարգավորումներ` որոշակի հենաշարժողական դժվարություններ ունեցողների` աշխատատեղերի պայմանների հարմարեցման մասով»,- նշել է նախարարի տեղակալը:
Նախարարի տեղակալը հայտնել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է հանրային լսումների ընթացքում, որոշ առաջարկներ ընդունվել են ու առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի փաթեթը փոփոխությունների է ենթարկվել:
Հարակից զեկուցող, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը խորհրդարանականներին հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում 27 առաջարկ է եղել, բոլորն էլ ընդունվել են:
«Փաթեթը շատ մեծ էր, անհրաժեշտություն կար նաեւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարել, որպեսզի «Կամավոր աշխատանքի մասին» օրենքը կարողանայինք կանոնակարգել: Հայաստանի Հանրապետությունում երկու բուհ կա, որ արտոնություններ է տալիս կամավորական աշխատանքում ներգրավված ուսանողներին, դրանով հետագայում նրանք հեշտորեն կարողանում են նաեւ աշխատանք գտնել»,- նշել է Լիլիթ Ստեփանյանը: