«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, թեեւ ըստ ելույթ ունեցած որոշ գործընկերների` 2022 թվականի բյուջեի կատարողականը հուսադրող է, այնուամենայնիվ այդ տարին անվտանգության առումով եղել է անհաջողությունների տարի: Խմբակցության ղեկավարը կարեւոր է համարել, որ առաջին հերթին անվտանգ պետք է լինեն առաջին գծում գտնվող քաղաքացիները, եւ ոչ թե պետական պաշտոնյաները: Սեյրան Օհանյանը պատասխանել է իշխող խմբակցության գործընկերների հնչեցրած քննադատություններին` անդրադառնալով նախկին իշխանությունների օրոք բանակաշինության հարցին: Այս համատեքստում ՊՆ նախկին նախարարն ընդգծել է, որ ՀՀ բանակին միշտ աջակցել եւ աջակցելու է:
Խմբակցության ղեկավարը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2022 թվականի պետական բյուջեի կատարողականին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների, մասնավորապես, Սեյրան Օհանյանի հնչեցրած կարծիքներին` հակադարձելով դրանց եւ նշելով նախկին իշխանությունների սխալները, որոնք հանգեցրին պատերազմի եւ պարտության: Խմբակցության ղեկավարն ընդդիմադիր գործընկերներին հորդորել է վերադառնալ համագործակցային աշխատանքի դաշտ:
Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դրական է գնահատում պետական բյուջեի կատարողականը եւ կողմ է քվեարկելու: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կառավարության քաղաքական հենարանն է: Ընտրված լինելով ՀՀ ժողովրդի կողմից` մեր խմբակցությունը շարունակելու է ժողովրդավարության այս միջնաբերդում կատարել այն առաքելությունը, որը մեզ վրա դրել է ՀՀ քաղաքացին»,- ամփոփելով ելույթը` ասել է խմբակցության ղեկավարը: