Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եվ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եվ միջազգային պայմանագրերը:
Ուսուցչի միջազգային օրվա առթիվ հանրապետության ուսուցիչներին ջերմորեն շնորհավորեց եվ բարեմաղթանքներ հղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին նախորդ օրն սկսված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը: Օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պատասխանեց պատգամավորների հնչեցրած հարցերին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Օրինագծով նախատեսվում է 2011 թվականի հունվարի 1-ից բենզինը եվ դիզելային վառելիքը հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ` սահմանելով, որ բենզինի համար պետք է կիրառվի ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափ, իսկ դիզելային վառելիքի համար` ակցիզային հարկի արժեքային դրույքաչափ:
Նախատեսվում է նաեւ 2014 թվականի հունվարի 1-ից ծխախոտի արտադրանքը հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ` սահմանելով, որ ծխախոտի արտադրանքի համար պետք է կիրառվի ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափ, իսկ ավելացված արժեքի հարկը պետք է հաշվարկվի ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնից:
Իրենց հարցերում պատգամավորներից շատերը մտահոգություն հայտնեցին, որ օրենքում նախատեսված փոփոխությունները կվնասեն տեղական արտադրողին:
Իրենց ելույթներում զեկուցողներ Սուրեն Կարայանը եվ Վարդան Այվազյանը պարզաբանեցին, որ օրինագծի ներկայացման պատճառներից մեկը ՀՀ կառավարության եվ Արժույթի Միջազգային Հիմնադրամի միջեվ կնքված` 2010-2013 թվականների տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունների հուշագրում ամրագրված դրույթն է, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ծխախոտի արտադրանքի, բենզինի եվ դիզելային վառելիքի հարկման հաստատագրված վճարների համակարգը փոխարինել հարկման ընդհանուր համակարգով: Հայաստանը գործընկերային պարտավորություններ ունի նաեվ Առեւտրի համաշխարհային Կազմակերպության առջեւ:
Օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եվ Արա Նռանյանը: «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը:
Խորհրդարանը քննարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ հիմնավորման` օրինագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ ԼՂՀ-ն բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց Շիրակ Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը տվել է ոչ դրական եզրակացություն: Հանձնաժողովը կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար դեռեւս չեն սպառվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավորությունները, ուստի այս պահին ժամանակավրեպ է նման օրինագծի քննարկումը: Ըստ Շիրակ Թորոսյանի` այն կխանգարի բանակցային գործընթացին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը իր ելույթում տեղեկացրեց, որ կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում օրինագծի քննարկումը եվ ընդունումը:
Օրինագծի վերաբերյալ խմբակցություններն արտահայտեցին իրենց դիրքորոշումները:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է նախաձեռնությանը, այլ ոչ թե օրինագծին: Նրա համոզմամբ չպետք է խանգարել բանակցային գործընթացներին: Նա առաջարկեց «Ժառանգություն» խմբակցությանը օրինագիծը քվեարկության չդնել:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ խմբակցությունը դեմ չէ ԼՂՀ ճանաչմանը, սակայն կարծում են, որ հակամարտության կարգավորման համար պետք է շարունակվի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ խմբակցությունը դեմ է եղել օրինագծի` այս պահին քննարկմանը, սակայն եթե այն քվեարկության դրվի, ապա խմբակցությունը կողմ է քվեարկելու:
«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը: Նա իրազեկեց, որ խմբակցությունը կարծում է, որ այս փուլում չպետք է խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին : Նա նկատեց, որ որեւէ հայ, որտեղ էլ նա գտնվի, դեմ չէ ԼՂՀ-ի ճանաչմանը, սակայն այսօր դրա ժամանակը չի հասունացել:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը կոչ արեց հարցը դիտարկել Արցախի ժողովրդի տեսանկյունից: Նա կարծում է, որ օրինագծի ընդունումը չի կարող վնասել հակամարտության կարգավորման գործընթացին:
Եզրափակիչ ելույթում օրինագծի հիմնական զեկուցող Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկեց օրինագիծը քվեարկության դնել հաջորդ քառօրյա նիստերի ընթացքում: